Նեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեների մոտ 90%-ի հաշվարկի արդյունքներով գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Քվեների մոտ 90%-ի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։
Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։
Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։
Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։
Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։
Ինչպես սպասվում է, ԿԸՀ-ն բոլոր քվեների հաշվարկի արդյունքների մասին կհայտնի այսօր, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական պաշտոնական ամփոփումները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը: Այդ արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իսահակ Հերցոգը կսկսի խորհրդակցությունները Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:
Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է պատգամավորական ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցության առաջնորդը, սակայն կաբինետի ձևավորումը նախագահը կարող է հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը չի ստացել ամենաշատ ձայները, բայց ի վիճակի է ստեղծել կոալիցիա: Վարչապետի առաջին հավակնորդին կտրամադրվի 28 օր կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ: Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, ում խնդրի լուծման համար կհատկացվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության: Եթե այդ դեպքում ևս 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիայի ձևավորում տեղի չունենա, ապա 90 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ: