Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Հայաստանը Հայաստան է, և այն չի վերածվի որևէ այլ բանի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ռուս քաղաքական գործիչների այն մտահոգություններին, թե Հարավային Կովկասի այդ հանրապետությունը կարող է վերածվել ժամանակակից Ուկրաինայի տարբերակի, գրում է yugsn.ru–ն։
Դրանից կարճ ժամանակ անց նա հանձնաժողով է ստեղծել կանխելու ժանտախտի ներթափանցումը Ռուսաստանի Իրկուտսկի մարզից (հոկտեմբերի 5-ին լուրեր էին տարածվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցի վտանգավոր հիվանդությունից մահվան մասին)։ Թեև նման միջոցառումները կարող են արդարացված լինել Հայաստանի քաղաքացիների առողջության նկատմամբ մտահոգությամբ, բայց Հրազդան քաղաքում տեղակայված նոր տվյալների կենտրոնը հարցեր է առաջացնում։ Այն գործում է ԱՄՆ օրենսդրության ներքո, և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը կարծում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին, տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել Իրանի և Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը չի սխալվում, - կարծում է քաղաքագետ և տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը,– իսկապես կա վտանգ, որ Հայաստանի տարածքում գտնվող այդ ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև Հայաստանի տարածքից գործող և Ռուսաստանի դեմ ուղղված զանգերի կենտրոններին՝ հատկապես ուկրաինական տիպի այն կենտրոններին, որոնք երբեմն մինչև 400 աշխատակից են ներգրավում և խաբեբայական զանգերով «ռմբակոծում» Ռուսաստանի քաղաքացիներին»։
Ըստ Կոլտաշովի Հայաստանի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը կարող է այս կամ այն կերպ օգտագործվել Ռուսաստանի դեմ։ «Դա պարզապես այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն մտածում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին, այլ նաև, փաստացի, հետևողականորեն իրականացնում է հենց այդ քաղաքականությունը արդեն իսկ զգալիորեն հեռանալով Ռուսաստանից և այն ամենից, ինչ Փաշինյանն անվանում է «դաշնակցային հարաբերություններ»»:
Նույն հետևողականությամբ Փաշինյանը առաջ է մղում «միջազգային խաղաղության և բարգավաճման տրամպյան ուղին», մի նախագիծ, որը, ՌԴ ԱԳՆ-ի խոսքով, ներկայումս ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Փաշինյանն այդ նախագիծն անվանում է «նոր դարաշրջան» և խոստանում, որ այն միլիարդավոր ներդրումներ կբերի Հայաստան։ Տոնայնությունը ծանոթ է հնչում... Մի ժամանակ ամերիկյան մի նախագահ ևս Ամերիկային «Ոսկե դարաշրջան» էր խոստացել (երբ մաքսատուրքեր սահմանեց դեպի ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա գրեթե ամբողջ աշխարհից)։ Բայ,ց ընդհանուր առմամբ, ամերիկյան հռետորաբանության դասերը լավ են ընթանում։
«Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս կառավարության միջև դաշինք լինել չի կարող, — կարծում է Կոլտաշովը,— Հայաստանը կարող էր Ռուսաստանի դաշնակիցը լինել, բայց դրա համար այլ ղեկավարություն կպահանջվեր։ Եվ, հետևաբար, միայն այլ ղեկավարությունը կարող էր երաշխավորել, որ Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնը կօգտագործվի ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ պարզապես որպես անվտանգ ենթակառուցվածքի մաս»։
Հետաքրքիր է այն, որ Firebird-ի արհեստական բանականության վրա հիմնված տվյալների նոր կենտրոնը կարող է խնդիրներ ստեղծել նաև հենց Հայաստանի համար, և դա, կրկին, ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալների:
«Այս օբյեկտը ակնհայտորեն չափազանց մեծ է Հայաստանի ներքին կարիքների համար հաշվի առնելով այն, որ երկրում 2024 թվականից գործում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող OVIO տվյալների կենտրոնը, որն ամբողջությամբ բավարարում է ինչպես առևտրային, այնպես էլ պետական կառույցների տվյալների պահպանման պահանջները», — նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը,—մինչև 2027 թվականի ավարտը ընկերությունը նախատեսում է զգալիորեն մեծացնել համալիրի հզորությունը, իսկ Հայաստանը վտանգում է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասուրդի, ինչն անխուսափելիորեն կազդի շարքային քաղաքացիների վրա»։
Դրական կողմն այն է, որ քաղաքացիները կարող են մխիթարվել գիտակցելով իրենց վարչապետի մտերմությունն ԱՄՆ նախագահի հետ...
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am