«Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՔաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ԵՄ արտահանման զգալի աճի վերաբերյալ հրապարակված վիճակագրությունը կասկածելի է, գրում է 1prime.ru–ն։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հայտնել էր ԵՄ արտահանման աճի մասին։ Մասնավորապես, նախարարների կաբինետի տվյալներով ԵՄ արտահանումը 2026 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը գերազանցել է 516 միլիոն դոլարը, կամ ավելի քան 80%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտավորապես 287 միլիոն դոլար)։ «Այս թվերը հաշվի չեն առնում գների աճը, որը կարող է մեծապես տարբերվել առանձին ապրանքների համար։ Օրինակ պղնձի գները տարվա ընթացքում աճել են 39%-ով։ Ի դեպ, պղնձի հանքաքարն է եղել ԵՄ արտահանման հիմնական ապրանքը», - նշել է փորձագետը։
Ավելին, նա նշել է, որ Եվրոստատի կողմից տրամադրված թվերը չեն համընկնում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ «Եվրոպական տվյալների համաձայն այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից ԵՄ արտահանումը կազմել է 318 միլիոն դոլար, մինչդեռ հայկական տվյալների համաձայն այն 466 միլիոն դոլար է։ Դա գրեթե 1.5 անգամ տարբերություն է», - նշել է Միքայելյանը։ Նա բացատրել է, որ դա մասամբ պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ին ուղղված արտահանման մի մասը մաքսազերծվում է Վրաստանում, ապա վերաարտահանվում Բուլղարիա կամ Ռումինիա որպես վրացական արտահանում։
«Եթե մենք ներկայացնում ենք տվյալներ, ապա պետք է նաև հաշվի առնել, թե ինչպես են մեր գործընկերները ընկալում առևտուրը։ ԵՄ-ն չի ընկալում, որ Հայաստանից ԵՄ արտահանումը աճել է 80%-ով, ԵՄ տվյալների համաձայն աճը կազմում է 20%», - նշել է քաղաքագետը։
ԵՄ երկրներ արտահանման կառուցվածքի վերաբերյալ էլ փորձագետը նշել է, որ դրանց մեծ մասը կազմում են հանքաքարի խտանյութերը։ «Հունվար-մայիս ամիսների առկա տվյալների համաձայն ԵՄ արտահանումն աճել է 220 միլիոն դոլարով։ Հունիսին աճը նվազագույն էր՝ ընդամենը 10 միլիոն դոլար։ Հանքաքարերը՝ պղնձի, մոլիբդենի և ցինկի խտանյութերը, կազմել են արտահանման աճի 89%-ը։ Ավելին, այդ աճի մեծ մասը պայմանավորված է ոչ թե ֆիզիկական ծավալով, այլ գների աճով։ Մի շարք պատճառներով, այդ թվում հնարավոր է Իրանի պատերազմով, համաշխարհային շուկայում ապրանքների գները բարձրացել են։ Հետևաբար, ԵՄ արտահանման աճի հետևում գների աճի ազդեցությունն է», - նշել է Միքայելյանը։
Նա նաև պարզաբանել է, որ այդ խտանյութերի մի մասը, որոնք նախկինում գնում էին այլ ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանը կամ Շվեյցարիան, այժմ գնում են ԵՄ։ «2026 թվականի հունվարից մինչև մայիս ամիսները Հայաստանի ԵՄ արտահանումների ընդհանուր ծավալի 62%-ը կազմել են խտանյութերը, հաջորդ ամենամեծ խումբը հագուստն է 13%-ով, սև մետաղներն ու ալյումինը կազմել են ևս 8-ական %։ Մյուս բոլոր խմբերը կազմել են ոչ ավելի, քան 1%-ը։ Սա է ամբողջը, ինչ մենք արտահանում ենք ԵՄ», - նշել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am