ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, համբերատար, խելոք, զուսպ երեխա էր։ Փոքր տարիքում զբաղվել է կարատեով, մեդալներ ունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Ծովինարը։

Համլետը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ այսօր Համլետի մասին հիշեցնում է նրա զոհվելուց հետո տեղադրված հուշաքարը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն անկեղծանում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այդ առումով Համլետն ու եղբայրը հակառակ բևեռներ են։ Համլետս լավ էր տիրապետում ռուսաց լեզվին, վարժ խոսում էր։ Անգլերենի հանդեպ ևս անտարբեր չէր, բայց օտար լեզուներից առաջին տեղում ռուսերենն էր։ Իր համար առաջնային տեղում էին նախ՝ սպորտը, այնուհետև՝ խոհարարությունը»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Համլետն ուսումը շարունակել է արհեստագործական քոլեջում՝ խոհարարության բաժնում։ Քոլեջի բակում ևս խաչքար է տեղադրվել՝ ի հիշատակ պատերազմում անմահացած իրենց ուսանողի։ «Այնպես ստացվեց, որ նա վեց ամիս ուշ զորակոչվեց ծառայության։ Մինչ բանակ զորակոչվելը հասցրեց նաև մի շարք տեղերում աշխատել։ Շատ «համեղ ձեռք» ուներ, ամեն ինչ պատրաստում էր, խոհանոցի հետ սեր ուներ։ Երբ ես աշխատում էի և տանը չէի լինում, նա արդեն պատանեկության տարիքից տարբեր ուտեստներ էր պատրաստում, համային փորձարկումներ անում։ Այն Նոր տարուն, երբ պետք է զորակոչվեր ծառայության, բոլորիս հրահանգեց՝ դուք սեղանին մոտ չգաք, ես ամեն ինչ կպատրաստեմ։ Իր կնքամայրը փորձեց աղցանը, շատ հավանեց, Համլետս էլ ասաց՝ բաղադրատոմսը միայն քեզ կասեմ։ Իր բոլոր տետրերը պահել եմ, բայց մինչ օրս չեմ կարողանում բացել, կարդալ։ Ես այն հույսով, մտքերով կարծես լինեմ, որ նա դեռ ծառայում է և գալու է։ Ինձ մոտ այդ տպավորությունն է, որովհետև ես իրեն չեմ տեսել»։

2019 թվականի հունվարի 9-ին Համլետը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր։ Նա իր դիմումի համաձայն ծառայում էր Ջրականում։ Պետք է Գյումրիում ծառայեր, խոհարար լիներ, բայց հրաժարվել էր, մեզ էլ ոչինչ չէր ասում, վերջին պահին ենք իմացել։ Նա ընդամենը մեկ անգամ է արձակուրդ եկել, բայց ուշքն ու միտքն ընկերներն ու զորամասն էր։ Անգամ իրեն ասում էի՝ Ջրականում ո՛չ ծառ կա, ո՛չ տերև, ի՞նչն ես այնտեղ հավանում։ Բայց նա սիրում էր Ջրականը։ Անգամ իրեն երկու ամսով ուղարկեցին Մարտունի նորակոչիկների մոտ։ Չէր հարմարվում Մարտունիում։ Իր եղբայրն էլ գնաց իր մոտ, բայց միայն չորս օր են միասին մնացել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Նա պատերազմն սկսվելուց մի քանի օր հետո ինձ զանգահարեց, երևի մի հինգ րոպե է խոսել ինձ հետ։ Ես սկսեցի լաց լինել, չկարողացա իր հետ խոսել։ Իմ եղբայրը գնացել էր իր հետևից, բայց նա քեռուն չէր զանգել, որ չկարողանար իրեն գտնել։ Տղաս պատերազմի ընթացքում խոսել է ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց քանի որ ես հուզվում էի, ինձ հետ չէր կարողանում խոսել»։

Համլետին ու ընկերներին Ջրականից տեղափոխում են Հադրութ։ «Նա եղել է Հադրութի գերեզմանատան տարածքում։ Հենց այնտեղ էլ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը զոհվել է։ Համլետը, ևս երեք սերժանտ և երկու նորակոչիկ ինքնակամ են գնացել այդ հատված՝ իրենց զինակից ընկերներին օգնության։ Արդեն բոլոր պատմությունները մենք իրենից հետո ենք իմացել։ Մեր տուն շատ են եկել նաև կամավորական տղաներից, նրանք են ինչ-որ մանրամասներ պատմել։ Ասում են՝ այդ ժամանակ թշնամին արդեն Հադրութում է եղել, տղաները գնացել են իրենց ընկերներին օգնության։ Ցանկացել են շեղել թշնամու ուշադրությունը, որ մյուսները կարողանան այդ հատվածից դուրս գալ, բայց...

Հոկտեմբերի 6-ին զանգահարել է իր կնքահորը, խնդրել, որ իր փոխարեն հրաժեշտ տա ինձ։ Ասել է. «Ես հետ չեմ գալու, մամայիս կպաչեք, կասեք, որ իրեն շատ եմ սիրում»»։

Համլետը ուշ է տուն «վերադարձել»։ «Նրան Հադրութից դուրս են բերել դեկտեմբերի 5-ին, քանի որ այդ հատվածը գրավված է եղել։ ԴՆԹ հետազոտության արդյունքները հաստատվել են մայիսի 28-ին։ Դեկտեմբերի 5-ից Հերացիում է եղել, նրա բոլոր փաստաթղթերը, անգամ դրամապանակն իր մոտ են եղել, ուղղակի ԴՆԹ-ն բավականին ուշ հաստատվեց»։

Տիկին Ծովինարի կրտսեր որդին՝ Հայկը, ավարտել է Ժուկովի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան՝ հակաօդային պաշտպանության գծով։ «Նա մեկ տարի աշխատեց, բայց հետո տեղափոխվեց այլ աշխատանքի, որովհետև երբ համազգեստով տանից դուրս էր գալիս, մնում էր հերթապահության, տագնապով մեկնում էր զորամաս, շատ ծանր ապրումներ էի ունենում»։

Ապրելու ուժի մասին։ «Համլետս պայքարել է, չի նահանջել։ Նա գիտակցաբար անձնազոհության է գնացել, որ մենք ապրենք ու հիմա պետք է իրեն ապրեցնենք։ Տղաները միշտ մեր կողքին են, նրանք ողջերից էլ ողջ են, նրանց անունը հավերժ է։ Մեզ հայրենիք են պահ տվել, որ ապրենք ու հզորացնենք այն։

Ինձ նաև Հայկս է շատ ուժ տալիս, նա մշտապես ինձ դուրս է բերել ծանր հոգեվիճակներից, իմ կողքին է եղել։ Նա էլ շատ ծանր տարավ եղբոր կորուստը։ Մեր ընտանիքում շուտով զույգ տղաներ են ծնվելու՝ Համլետիս ու Հայկիս եղբայրները։ Տղաս այնքան է ոգևորվել, որ եղբայրներ է ունենալու»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular