ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շարունակում է ցուցադրել թվային առումով բարձր տնտեսական ակտիվություն, սակայն այդ բարձր ցուցանիշների ներքո աստիճանաբար ավելի ակնհայտ են դառնում այն խնդիրները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել երկրի տնտեսական զարգացումը։

Համաշխարհային բանկի 2026 թվականի հուլիսյան տնտեսական ամփոփագիրը հենց այս հակասական պատկերի լավագույն արտացոլումն է. մի կողմից՝ արձանագրվում է տնտեսական ակտիվության 11,7 տոկոս աճ մայիսին և 8 տոկոս աճ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում, մյուս կողմից՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ ազդակներ, որոնք վկայում են, որ տնտեսության ներկայիս աճը դեռևս չի վերածվել կայուն, հավասարակշռված և արտաքին ցնցումների նկատմամբ դիմակայուն զարգացման մոդելի։

Առաջին հայացքից 11,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը կարող է ընկալվել որպես բացառիկ հաջողություն, սակայն ցանկացած տնտեսական գնահատական պետք է հիմնված լինի ոչ միայն աճի մեծության, այլև դրա որակի վրա։ Եթե տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում ծառայությունների ընդլայնման, սպառման աճի կամ արտաքին գործոնների ազդեցությամբ, ապա այն զգալիորեն ավելի խոցելի է, քան այն աճը, որը ձևավորվում է արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացման, բարձր արտադրողականության, արտահանման բազմազանեցման և ներդրումների ընդլայնման հաշվին։ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են, որ մայիսյան արագացումը պայմանավորված էր հատկապես ոչ առևտրայնացվող ծառայությունների՝ զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և որոշ չափով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով։ Թեև ծառայությունների զարգացումը կարևոր է ցանկացած տնտեսության համար, այնուամենայնիվ, ոչ առևտրայնացվող ծառայությունները սահմանափակ ազդեցություն ունեն արտարժութային եկամուտների կայուն աճի վրա և հաճախ ավելի մեծ կախվածություն ունեն ներքին պահանջարկից ու արտաքին զբոսաշրջային հոսքերից։

Զբոսաշրջության ոլորտում արձանագրված գրեթե 15 տոկոս աճը և մեկ միլիոնից ավելի այցելուների գրանցումը դրական ցուցանիշներ են, սակայն այստեղ ևս առկա է կառուցվածքային խնդիր։ Համաշխարհային բանկի տվյալներով, ժամանողների շուրջ 40 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան շարունակում է զգալիորեն կախված մնալ մեկ երկրից։ Ցանկացած քաղաքական, տնտեսական կամ արժութային ցնցում Ռուսաստանում կարող է անմիջապես ազդել Հայաստանի զբոսաշրջության եկամուտների վրա։ Այդ կախվածությունը տարիներ շարունակ ձևավորվել է և այսօր շարունակում է մնալ տնտեսության խոցելիության կարևոր աղբյուրներից մեկը։ Նույնպիսի կախվածություն առկա է նաև արտաքին առևտրի ոլորտում։ Թեև վերջին տարիներին հաճախ է նշվում արտահանման աճի մասին, սակայն Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կառուցվածքը շարունակում է մնալ ոչ բավարար դիվերսիֆիկացված։ Մայիսին արտահանումը նվազել է 11,5 տոկոսով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 3,7 տոկոսով։ Արտահանման անկման հիմնական պատճառներից մեկը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ կրճատումն էր։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ նախորդ տարիների արտահանման բարձր ցուցանիշների զգալի մասը պայմանավորված էր ոչ թե Հայաստանում ստեղծված նոր արտադրանքով, այլ վերաարտահանման գործառնություններով։ Երբ այդ գործոնը թուլացավ, արտահանման ընդհանուր պատկերը նույնպես վատթարացավ։

Առանձնապես մտահոգիչ է դեպի Ռուսաստան արտահանման 15 տոկոս նվազումը։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար շարունակում են ունենալ առանցքային նշանակություն, և հենց այդ պատճառով Ռուսաստանում քաղաքական կամ տնտեսական փոփոխությունները անմիջապես անդրադառնում են հայկական տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը հատուկ ընդգծում է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են ունենալ ոչ միայն առևտրային, այլև ավելի լայն մակրոտնտեսական հետևանքներ։ Եթե այդ սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, դրանք կարող են ազդել տնտեսական աճի, զբաղվածության, գնաճի և սոցիալական վիճակի վրա։

Տնտեսության մեկ այլ հիմնարար խնդիր գնաճն է։ Հունիսին այն հասել է 5,1 տոկոսի՝ գերազանցելով նախորդ ամսվա մակարդակը։ Հատկանշական է, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը սննդամթերքի գների աճն էր, որը կազմում է ընդհանուր գնաճի գրեթե երկու երրորդը։ Սա սոցիալական տեսանկյունից հատկապես կարևոր է, քանի որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սպառման կառուցվածքում սննդամթերքը զբաղեցնում է ամենամեծ բաժինը։ Այսպիսով, նույնիսկ եթե միջին աշխատավարձերը աճում են, սննդամթերքի արագ թանկացումը կարող է նվազեցնել բնակչության իրական գնողունակությունը։

Հայաստանի տնտեսական զարգացման մեկ այլ առանցքային խնդիր շարունակում է մնալ արտաքին հաշվեկշռի վատթարացումը։ Արտահանումը նվազում է, ներմուծումը շարունակում է աճել, իսկ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հասել է կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսի։ Սա նշանակում է, որ երկիրը շարունակում է ավելի շատ ապրանքներ գնել արտաքին աշխարհից, քան վաճառել։ Երկարաժամկետ հեռանկարում նման միտումը չի կարող համարվել կայուն, եթե այն չի փոխհատուցվում բարձրարժեք արտահանմամբ, արտադրողականության աճով կամ մեծածավալ ուղղակի ներդրումներով։

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում ևս առկա են հակասական միտումներ։ Մի կողմից՝ հարկային եկամուտներն աճում են ավելի քան 15 տոկոսով, ինչը խոսում է տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ կապիտալ ծախսերի ավելի քան 54 տոկոս կրճատումը մտահոգիչ ազդակ է։ Կապիտալ ծախսերն այն ներդրումներն են, որոնք ստեղծում են ապագա տնտեսական աճի հիմքերը՝ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, էներգետիկ համակարգեր, դպրոցներ, հիվանդանոցներ, թվային ենթակառուցվածքներ։ Եթե դրանք կրճատվում են, ապա կարճաժամկետ բյուջետային հավասարակշռությունը կարող է բարելավվել, սակայն ապագա տնտեսական ներուժը կարող է սահմանափակվել։

Այնպես որ, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը, ինչպես նաև մյուս տնտեսական ցուցանիշները փաստում են, որ Հայաստանը պետք է շտապի մի շարք ուղղություններով նախաձեռնություններ ցուցաբերելու, բարեփոխումներ իրականացնելու և իրավիճակը բարելավելու ուղղությամբ, այլապես երկարաժամկետ հեռանկարում տնտեսական առումով լուրջ խնդիրների է բախվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular