Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենք
ՖՈՏՈԻր 260-ամյա պատմության ընթացքում Մոսկվայի պետական համալսարանը մնում է ամենահեղինակավորը երկրում։ Նրա պատերի ներսում կրթվել են Տուրգենևը, Չեխովը, Պիրոգովը, Պաստեռնակը, Պոզները, Կասպերսկին, Գորբաչովը, Ակունինը և շատ այլ ականավոր դեմքեր։ Խորհրդային և ռուս 18 Նոբելյան մրցանակակիրներից 11-ը եղել են Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներ կամ դասախոսներ։ Խորհրդային Միությունում գրանցված բոլոր հայտնագործությունների 12%-ը պատկանում է այդ ԲՈւՀ-ի նախկին ուսանողներին։
Մոսկվայի Կայսերական համալսարանի ստեղծման պատիվը պատկանում է ռուս ականավոր բնագետ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովին, կայսրուհի Ելիզավետա Պետրովնային և պետական գործիչ և բարերար Իվան Իվանովիչ Շուվալովին: Համալսարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1755 թվականի հունվարի 12-ին (25), Սուրբ Մեծ նահատակ Տատյանայի օրը: Ավելի քան հարյուր տարի այն եղել է համալսարանի հիմնադրման տոն, այնուհետև այդ օրը դարձել է Ուսանողների օր: 18-րդ դարի վերջին է Եկատերինա II-ը Մոխովայա փողոցում շենք գնել և միջոցներ հատկացրել համալսարանի կառուցման համար։ Մոսկվայի համալսարանի գլխավոր մասնաշենքը (այդպես էր կոչվում հին շենքը) կառուցվել է 7 տարի, սակայն 1812 թվականի մոսկովյան հրդեհի հետևանքով ավերվել են բոլոր շենքերը։ Վերականգնումը ղեկավարել է ճարտարապետ Գիլարդին, ով պահպանել է հին շենքի ընդհանուր գծերը՝ կիսաշրջանաձև ժողովասրահը, գմբեթը։
1836 թվականին Էլ Տյուրինն է Պաշկովների նախկին կից շենքի տեղում կառուցել համալսարանական եկեղեցի, որտեղ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տաճարում գործում էր ուսանողական ակումբը, իսկ հետո ուսանողական թատրոնը։
Ներկայումս համալսարանը շուրջ յոթ հարյուր առանձին մասնաշենքեր ունի։ Բայց հատուկ ուշադրության է արժանի Մոսկվայի պետական համալսարանի ժամանակակից գլխավոր մասնաշենքը։ 37 տարի այն եղել է Եվրոպայի ամենաբարձր շենքը (236 մետր), և 50 տարի Ռուսաստանի։ Շենքի աշտարակի վրա տեղադրված ժամացույցը, ինչպես նաև ջերմաչափն ու բարոմետրը մնում է ամենամեծը երկրում։ Շուրջ 500 ձեռնարկություն է ներգրավված եղել այդ վիթխարի շինարարության մեջ, որը ղեկավարել է անձամբ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան։
Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Իոֆան։ Հենց նա է մտահղացել կառույցի ընդհանուր դիզայնը՝ բարձր կենտրոնական հատվածը և չորս ստորին մասերը։ Հետո տարաձայնությունների պատճառով Յոֆան հեռացվել է, նոր ղեկավար է դարձել Ռուդնևը և Համալսարանի շենքը տեղափոխվել է 800 մետրով: Շատ առաջադեմ տեխնոլոգիաներ են առաջին անգամ կիրառվել Մոսկվայի պետական համալսարանի շենքի կառուցման ժամանակ։ Միաժամանակ կառուցվել են օժանդակ շինությունները, հիմնվել է մրգերի և հատապտուղների տնկարան և դրվել Բուսաբանական այգու հիմքը։ Ճակատների ձևավորումն իրականացրել է Մուխինան, ներքին հարդարման մեջ օգտագործվել են ուրալյան գոհարներ, բյուրեղներ, թանկարժեք փայտեր և մարմար։
Համալսարանի գլխավոր մասնաշենքը պարուրված է բազմաթիվ գաղտնիքներով ու ուսանողական լեգենդներով։ Շատ տարածված առասպելն այն է, որ այն անցնում է հարյուրավոր մետրերով գետնի տակ: Դա հավանաբար իրական պատմական հիմք ունի, քանի որ Իոֆանն առաջարկել էր խորանալ ու հասնել երկրի մանտրային, բայց, բնականաբար, դա մեծ ծախսեր էր պահանջում, իսկ ժամկետները սեղմ էին։
Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի տակ իսկապես մի քանի հարկանի հսկայական նկուղներ կան։ Այնտեղ կային ռմբապաստարաններ, սննդի պահեստներ և մուտք դեպի արտեզյան ջրհոր։ Հաշվարկների համաձայն առաջին հարկերը բավականին ունակ են դիմակայելու ճապոնական Հիրոսիմա քաղաքին հասցված միջուկային հարվածին։
Առասպելը, որ գլխավոր շենքը կառուցել են բանտարկյալները, ունի և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։ Այդ վարկածի հակառակորդները պնդում են, որ քիչ հավանական է, որ ռազմավարական նշանակություն ունեցող նման շինարարությունը վստահված լիներ բանտարկյալներին։ Բայց կա կասկած, որ օգտագործվել է գերմանացի ռազմագերիների աշխատուժը։
Ստալինի քանդակի շուրջ ևս տարբեր լուրեր են պտտվում: Ըստ երևույթին այն պետք է տեղադրվեր գլխավոր աշտարակի վրա: Այն վարկածը, որ առաջնորդի արձանը պատրաստ է եղել միայն Ստալինի մահից հետո ու պարզապես չի տեղադրվել, հավանական է թվում։ Խոսվում է նաև ի պատիվ «ժողովուրդների առաջնորդի» համալսարանը վերանվանելու ծրագրերի մասին: Խոսվում է նաև մետրոյի գաղտնի գծի մասին, որը ձգվելու էր Կրեմլից մինչև Վնուկովո։
Կ. Խաչիկյան