«Ադրբեջան. Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ ուղղված «դատական ֆարսի» գագաթնակետն է»
Մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը, ինչը 17 էթնիկ հայերից վերջինի դատավճիռն է, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը նշել է. «17 մեղադրյալների դատավճիռները, որի գագաթնակետը Ռուբեն Վարդանյանի դատավճռիռն է, ոչ այլ ինչ է, քան դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը, այլ քաղաքացիական անձանց հետ միասին, դատվել է ռազմական դատարանում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ։ Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության բացահայտման, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, բայց այս դատավճիռները միջազգային իրավունքի համաձայն վիրավորանք են հանցագործությունների բոլոր զոհերի համար»,- գրում է amnesty.org–ը։
«Բազմաթիվ, չափազանց լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը և նրա համախոհները դատվել են գործնականում դռնփակ՝ հիմնվելով «ինչ որ ապացույցների» վրա, որոնք ներկայացվել են նրանց համար անհասկանալի լեզվով և որոնք պատշաճ կերպով չեն թարգմանվել։ Դատավարության ընթացքում անգամ ամբողջությամբ չեն բացահայտվել մեղադրանքները, օրինակ միայն Վարդանյանի դեմ առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործությունների» մասով։ «Amnesty International»-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և հավաքված ապացույցների մասին, սակայն որևէ պատասխան չի ստացել», - նշել է նա։
«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային մարդու իրավունքների շրջանակներում և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշներին լիովին համապատասխան», - ընդգծել է Մարի Ստրութերսը։
Հիշեցնենք, որ Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդար դատավարության իրավունքի վերաբերյալ հղում անելով վատ վերաբերմունքի, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքի և պաշտպանությունը պատրաստելու համար բավարար ժամանակ չտրամադրելու մասին հաղորդագրությունների պատճառներով և կոչ է արել հետաքննություն սկսել այդ խախտումների վերաբերյալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am