ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ ապրել». Բենիկ Քոչարյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, չարաճճի տղա էր Բենիկս։ Երբ բարկանում էինք իր վրա, փախչում էր, մի տեղ թաքնվում, սկսում էինք իրեն փնտրել։ Իր աշխուժությունն ու ճարպկությունը փոխանցվել է իր տղային»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալլան՝ Բենիկի մայրիկը։

Բենիկը ծնունդով Արարատի մարզի Արբաթ գյուղից է։ Նա երկու քույր և մեկ եղբայր ունի։ Մայրիկն ասում է՝ որդին ձեռքի շնորհք ուներ։ «Փոքր տարիքից սկսած՝ ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Քարեր էր շարում, պատերը զարդարում։ Մեկ էլ կարող է աթոռ պատրաստեր ու ինձ կանչեր՝ մա՛մ, սիրո՞ւն է ստացվել։ Ինքն իրենով սովորում էր, փորձարկում, շարում, ստեղծագործում։ Մեր տանը պատի երկայնքով փոքր կուժերով ջրվեժի նմանվող աղբյուր է կառուցել։ Դա մեզ իրենից հուշ մնաց»։

Բենիկը սովորել է Արբաթի Հ. Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Տիկին Ալլան նշում է՝ որդին սովորելու հետ մեծ սեր չի ունեցել։ «Սիրելի առարկաներից էր ֆիզկուլտուրան, սպորտն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում։ Տարբեր սպորտաձևերի հաճախում էր, ասենք, մեկ ամիս և թողնում։ Սիրում էր նաև լսել, թե ինչպես եմ դաշնամուր նվագում, երբեմն գալիս, կողքիս նստում էր, սկսում ինքն էլ նվագել»։

Մինչ քոլեջում ուսումն ավարտելը Բենիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, իսկ ծնողներն ստացել են շնորհակալական նամակ զորամասի հրամանատարության կողմից։

Զորացրվելուց հետո Բենիկն աշխատել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում։ Մայրիկի խոսքով, հաճույքով էր աշխատում, վայելում էր անձնակազմի սերն ու հարգանքը։ «Աշխատանքային ընկերներն ասում էին՝ ինչ ջիգյարով տղա է, աշխատասեր, հարգանքով»։ Զորացրվելուց հետո Բենիկն ընտանիք էր կազմել։ Նա և կինը՝ Լաուրան, որդի ունեն։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ուզում էր կամավոր մեկնել, բայց երկու ծանուցագիր եկավ, ու նա ծանուցագրով սեպտեմբերի 29-ին մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկին ասաց՝ եթե կանչում են, ուրեմն պետք եմ։ Տիրապետում էր հրետանուն, նաև սակրավորի մասնագիտությանը»։

Սեպտեմբերի 29-ին, հրաժեշտ տալով ընտանիքին, Բենիկն ուղևորվում է «Մարտունի 2»։ Սկզբում նրան տեղափոխում են Ճարտար, որպեսզի այնտեղից զենք-զինամթերք ստանան և հասցնեն առաջնագիծ։ Նույն ընթացքում Հադրութում վիճակն անելանելի է դարձել։ «Տղաներին տեղեկացրել են՝ ցանկանում են Հադրութը հետ վերցնել, խմբավորվեք, գնում ենք։ Իր ընկերներն են մեզ պատմել՝ մինչև դիրքավորվեցինք, ԱԹՍ-ն հարվածեց իր ուղղությամբ։ Իր մեջքի հատվածը չկար, բայց մենք կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ, «բաց» ենք հուղարկավորել»։

Բենիկը զոհվել է հոկտեմբերի 23-ին Հադրութում։ Նրա որդին՝ Ավետիքը, դեռ մեկ տարեկան չկար, երբ հայրիկն անմահացավ պատերազմում։ Նրա «վերադարձը» տուն երկար չի տևում, քանի որ, մայրիկի խոսքով, ընկերները կողքին են եղել։ «Պատմում են՝ Բենիկն ընկավ, չէր շնչում, ձայն էինք տալիս, չէր արձագանքում, մեքենան մոտ բերեցին, և իրեն տեղափոխեցինք»։

Մայրիկը վերհիշում է այդ օրը։ «Զանգահարում էի իրեն, չէի կարողանում կապ հաստատել։ Զանգեցի ընկերոջը, հարցրեցի որդուս մասին, ասաց, որ դիրքեր են բարձրացել, «ես ու տղաների մի խումբն իջել է, Բենիկն ու տղաների մի խումբ՝ բարձրացել»։ Այդպես էլ չկարողացա իր հետ խոսել։ Հետո արդեն իր զոհվելու բոթը ստացա»։

Հետո զինակից ընկերների վկայությունները կպատմեն, թե ինչպես է Բենիկը մարտնչել ռազմի դաշտում, օգնության հասել ընկերներին, դաժան մարտերից մեկի ժամանակ թաքստոցում փրկել 13 զինակից ընկերների կյանքը։ Տղաների պատմությունները, նրանց սխրագործությունների մասին վկայությունները թերևս երբեք էլ ամբողջական չլինեն, քանի որ ավելի հաճախ չկան այն մարդիկ, որոնք կդառնան այդ պատմությունները նրանց ընտանիքներին հասցնողները, նրանցից շատերը ևս, ավաղ, անմահացան մարտի դաշտում։

Պատերազմի օրերին ընտանիքը կարողացել է զրուցել որդու հետ։ «Բարձրախոսով միացնում էինք, որ բոլորս լսեինք իր ձայնը։ Միշտ ասում էր, որ կարոտել է որդուն։ Իրեն նկարներ, տեսանյութեր էինք ուղարկում, շատ հաճախ դրանք տեղ չէին հասնում, քանի որ կապերը վատն էին։ Երբ իրեն ասում էինք՝ տղադ քեզ կարոտել է, արի, պատասխանում էր՝ պատերազմը վերջանա, կգամ։ Որդին հիմա ամեն օր հայրիկի մասին խոսելիս ասում է՝ իմ հերոս պապան, իմ սիրուն պապան»։

Տիկին Ալլան որդու հետ զրույցներից մեկի մասին է պատմում։ «Բենիկս շատ խղճով էր։ Հիմա մանրամասնեմ, թե ինչու եմ դա շեշտում։ Պատերազմի ժամանակ զանգեց հայրիկին. «Պապա՛, կյանքս հիսուն-հիսուն է, խնդրում եմ՝ փորձեք առանց ինձ, իմ բացակայությամբ ապրել»։ Մենք չէինք հասկանում, թե ինչ է ասում։ Անկեղծ լինեմ, ամուսինս ասաց՝ մի մնա այդտեղ, արի։ Արձագանքեց. «Ո՞ւր գամ, ձեր աչքերն այստեղ չեն, 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես ինչպե՞ս թողնեմ ամեն ինչ ու գամ»»։

Ապրելու ուժի մասին։ «Իր որդին կարծես մեր սփոփանքը լինի։ Խառը զգացումներով ենք ապրում։ Մի պահ տխրում ենք, մի պահ՝ ուրախանում, որ իրենից մի մասնիկ է թողել մեզ։ Պահ է լինում, երբ որդին հարցնում է՝ իսկ իմ պապան ո՞ւր է, սկսում ենք նեղսրտել, ամեն ինչ խառնվում է իրար։ Մեր մտքից ու սրտից Բենիկս երբեք դուրս չի գալու, բայց պետք է ուժեղ լինենք, առաջ նայենք՝ հանուն մեր մյուս զավակների»։

Հ. Գ. Պահեստազորի շարքային Բենիկ Քոչարյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Պարգևատրվել է նաև պատվոգրով ՀԿ-ի կողմից։ Հուղարկավորված է Արբաթ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular