ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին բոլորից տարբերվում էր: Հիմա մտովի հաճախ եմ իր մանկություն տեղափոխվում, և բոլոր իրադարձությունները, կարծես, ֆիլմի կադրերի պես աչքերիս առաջ հայտնվեն: Շատ աշխույժ էր թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Վաչագանի մայրիկը:
 
Վաչագանը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Առաջին դասարանից սկսած՝ շատ լավ է սովորել: Պարտաճանաչ, կարգապահ աշակերտ էր: Բարձր առաջադիմությունը շարունակվեց մինչև 7-8-րդ դասարաններ, դրանից հետո «8»-եր ունեցավ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան: Առաջադիմություն ուներ շախմատում, սպորտում: Լավ ֆուտբոլ էր խաղում, բասկետբոլ: Սպորտը շատ էր սիրում»:
 
Մայրիկն ասում է՝ բանակում ծառայությունն ավարտելուց հետո որդին մտադիր էր ուսումը շարունակել Կիրառական մաթեմատիկայի բաժնում: «Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը, ասում էր՝ գնամ բանակ, գամ, հետո կտեսնեմ, թե ինչ եմ անելու»:
 
2023 թ. հունվարի 15-ին Վաչագանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Վիճակահանությամբ ընտրեց Վարդենիսը: Իրեն մոտ մեկ շաբաթով տարան Իջևանի զորամաս, այնտեղից տեղափոխվեց Արմավիրի ուսումնական զորամաս: Գերազանց հանձնեց քննությունները, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվեց Վարդենիս՝ Սոթքի թիվ N զորամաս»:
 
Վաչագանը ծառայության էր մեկնել 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմներից հետո: Արդյոք ունե՞ր մտահոգություններ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության: Ուզում էր ժամանակից շուտ հասնել բանակ: Իր ընկերներից շատերն ամառային զորակոչով մեկնում էին ծառայության, Վաչագանս հուլիսի 1-ին է ծնվել, պետք է ձմեռային զորակոչով մեկներ: Ուզում էր գնալ, դիմում գրել, որ շուտ մեկնի՝ իր ընկերների հետ: Միշտ ասում էր՝ տղան պետք է տղա լինի՝ օդում, ջրում, ցամաքում: Հունվարի 15-ին, երբ պետք է գնար, վատառողջ էր: Իրեն ասացինք՝ գնանք զինկոմիսարիատ, գոնե մեկ-երկու շաբաթով հետաձգեն, կազդուրվիր, հետո կգնաս ծառայության: Բայց չհամաձայնեց՝ թեկուզ հիվանդ, բայց կգնամ»:
 
Մայրիկն ասում է՝ որդին օրինակելի և կարգապահ զինծառայող էր: «Երբ իրեն տանում էին Վարդենիս, մի քիչ տխուր էի: Ասում էր. «Մա՛մ, իսկական տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի, որ հետո ամեն ինչ լավ լինի»: Երբ իրեն տեղափոխեցին Վարդենիս, միանգամից դիրքեր բարձրացրեցին և միանգամից առաջնագիծ: Ես անգամ զարմացա, որ ժամկետային զինծառայողներին միանգամից դիրքեր ու առաջնագիծ տարան: Սպասում էի, որ տասը, քսան օր, լավ, մեկ ամիս անց իրենց իջեցնելու են դիրքերից, բայց նման բան չեղավ: Երեք ամիս մնաց դիրքերում»:
 
Երբ հարցնում եմ ծառայությունից տպավորությունների մասին, տիկին Ռուզաննան արձագանքում է. «Ի՞նչ ենք հասկանում հայ զինվոր ասելով՝ օրինակելի վարք, կարգապահություն, հայրենասիրություն և մի շարք այլ կարևոր հատկանիշներ: Իր մոտ այս բոլոր հատկանիշները կային և գերազանց մակարդակի վրա էին: Արմավիրի ուսումնական զորամասում ավելի երկար է ծառայել: Ոչ մի բողոք չի ունեցել թե՛ ինքը, թե՛ իրենից: Լավ ընկեր ու կարգապահ զինվոր է եղել: Հետո տեղափոխեցին Վարդենիս: Շատ մոտ էր թուրքերի դիրքերին՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Միայն մեկ անգամ ասաց՝ դրանք շատ մոտ են: Ես էլ ընկերների հետ զրույցի ժամանակ, չեմ էլ հիշում, թե երբ ու ինչպես, նշել էի՝ Վաչիկս ասել է, որ դրանց դիրքերը շատ մոտ են: Ընկերներն էլ զրույցի ժամանակ այդ թեմայով խոսել էին: Տուն զանգահարեց. «Մամ, ինչի՞ ես տղաներին նման բան ասել»: Այդ մի դեպքն է եղել, որ ինչ-որ կերպ խոսել է ծառայության մասին: Դժվարություններ, իհարկե, ունեցել է, բայց երբեք որևէ հարցում չի տրտնջացել կամ նեղսրտել: Ասել էր՝ սեպտեմբերի 7-8-ին իրենց իջեցնելու են, ինձանից տաք շորեր էր ուզել: Այդ տաք շորերն առել, պատրաստել էի, որ իրեն ուղարկեի, բայց այդպես էլ մնացին...»:
 
Թշնամին 2023 թ. սեպտեմբերի 1-ին կրկին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա: Նրանց դիվերսիոն խմբին հետ շպրտելու թեժ մարտերի ժամանակ էլ Սոթքում՝ իր պահած դիրքում անմահանում է Վաչագանը: «Գրված է, որ ԱԹՍ-ի հարվածից, բայց դեպքն այդպես չի եղել։ Բեկորային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, շատ ուժեղ արնահոսություն է ունեցել: Որտեղ նա ընկած է եղել, նշանառության տակ են վերցրել և թույլ չեն տվել, որ որևէ մեկը մոտենա և օգնություն ցույց տա իրեն: Նարեկ Պողոսյանը՝ հրամանատարի վարորդը, գնացել է Վաչագանիս ներքև իջեցնելու համար, բայց կես ճանապարհին նրան էլ են թիրախավորել: Նրա անունը մահացածների ցուցակում էր, բայց հետո նա հրաշքով փրկվեց: Կարծում եմ՝ այդ պատմությունը շատերին է ծանոթ: Շատ հաճելի, ընկերասեր տղա է: Իր կյանքը չխնայելով՝ գնացել էր Վաչիկիս օգնության»: Տիկին Ռուզաննայի խոսքով, այդ օրը սահմանի տարբեր ուղղություններով երեք զոհ ենք ունեցել, այդ թվում՝ իր որդին, և մեկ վիրավոր:
 
Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 1-ին՝ իրեն վստահված դիրքում: «Վաչագանս պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Իր դիրքում վիրավոր չենք ունեցել, միայն մեկ զոհ՝ Վաչագանս: Իր հուղարկավորության օրը մեր տուն զինվորականներ եկան, նաև իր հրամանատարը: Մեզ պատմեցին, թե որքան լավ է ծառայել Վաչագանս ու ամուր պահել է իր դիրքը: Թշնամին ծանր տեխնիկայով կրակահերթ է բացել դիրքերի ուղղությամբ»: Տիկին Ռուզաննային տուժող են ճանաչել այն փաստով, որ խաղաղ պայմաններում որդին զոհվել է հակառակորդի կրակոցից: Նյութերն ուղարկվելու են Եվրոպական դատարան:
 
Ապրելու ուժի մասին: «Իր մասին անցյալով չեմ կարողանում խոսել: Ցավը սրտներումս՝ ապրում ենք մեր մյուս երեխաների՝ աղջկաս և փոքր տղայիս համար, նաև իրեն ապրեցնելու համար: Իր դպրոցում փառքի անկյուն ունի, ցավով եմ ասում, որ միայն դրան է արժանացել: Շատ շնորհալի էր, մարդամոտ, հրաշալի տղա էր: Այնքան կցանկանայի, որ գոնե իր դասարանն իր անունով կոչեին: Կամ գոնե մի խաչքար կանգնեցնեին իրեն հիշելու համար…
 
Խոսում էին հոգու գոյության մասին, չէի հավատում: Երբ Վաչիկիս տուն բերեցին, մեր տան հատակին գորգ կար փռված: Իրեն «ճանապարհելուց» հետո անկողնում չքնեցի, այդ գորգի վրա պառկեցի: Կարծես իրեն, իր տաք մարմինը գրկեի: Դա երազ չէր, իրականություն էր: Գրկեցի, կրծքիս սեղմեցի, կարծես կարոտս իրենից առա: Այն, ինչ անտանելի էր, դրանից հետո կարծես տանելի դարձավ: Կարծես Վաչագանս ինձ ուժ տվեց: Տղաս շատ աղավնիներ ուներ: Իրենից հետո երամ կազմեցին, օդ բարձրացան ու էլ չվերադարձան: Սպասում էի իրենց, բայց չեկան»:
 
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լանջիկ գյուղի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular