ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վայենշտեֆան գարեջուր

ՖՈՏՈ

Գերմանական Weihenstephan գարեջրի գործարանի ծավալները մեծ չեն թվում նույնիսկ Բավարիայի չափանիշներով, էլ չխոսենք մնացած Գերմանիայի մասին՝ ընդամենը 320 հեկտոլիտր։ Այնուամենայնիվ, հազարավոր գարեջրի սիրահարներ բոլոր մայրցամաքներից երազում են մի օր փորձել այդ փոքրիկ անկախ գարեջրի գործարանի գարեջուրը: Եվ նման ճանաչման համար բավականին պատճառներ կան։

Ինչպես և շատ այլ գարեջրի գործարանների դեպքում, Վայենշտեֆանի պատմությունը կապված է վանական հայրերի հետ։ Տվյալ դեպքում Սուրբ Ստեփանոսի աբբայության հետ, որը հիմնել էին բենեդիկտացիները դեռեւս 725 թվականին: Այդ վանքը շատ արագ դարձավ շրջանի կենտրոնը։ Վանքը, ինչպես և ընդունված էր, գյուղացիներից հավաքում էր հարկ՝ տասանորդ, որը որոշ գյուղացիներ վճարում էին գայլուկով։ Այդ մասին առկա են 8-րդ դարի վերջի արձանագրություններում: Հաջորդ 200 տարիների ընթացքում վանքը մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, սակայն աշխատասեր վանականներն ամեն անգամ վերակառուցել են իրենց վանքը։ 1040 թվականին կառուցվել է վանքին կից գարեջրի գործարան, և այն ժամանակվա վանահայրն իրավունք է ստացել վաճառել արտադրված գարեջուրը։ Այդ տարին էլ համարվում է Weihenstephan գարեջրի գործարանի հիմնադրման տարին:

Այդ վանքի գարեջուրը միշտ ունեցել է անսովոր, հարուստ համ, քանի որ վանականները հաճախ են փորձարկումներ կատարել բաղադրիչներով: Ճիշտ է, 1516 թվականից նրանք, ինչպես և բոլորը, ստիպված էին զսպել իրենց եռանդը գարեջրի բաղադրիչների հետ կապված փորձերի հարցում, քանի որ ընդունվել էր Գարեջրի մաքրության մասին հայտնի օրենքը՝ Ռեյնհայտսգեբոտը: Ի դեպ, այդ օրենքը հրապարակել է անձամբ Վիլյամ 4-րդը Սուրբ Ստեփանոս վանքի պատերի մոտ։

Վանքն ինքնին գոյություն է ունեցել մինչև 1803 թվականը, քանի որ Բավարիան սկսել է զանգվածաբար բռնագրավել վանքապատկան հողերը վանքերից: Ամբողջ ունեցվածքը դարձել է Բավարիայի պետության սեփականությունը, վանքը լուծարվել է, բայց որոշվել է պահպանել գարեջրի արտադրությունը, քանի որ գարեջուրը եկամտի լավ աղբյուր է։ Հարկ է նշել, որ նոր ղեկավարությունը բոլոր բաղադրատոմսերը թողել է անփոփոխ։ Իսկ 1923 թվականին Weihenstephan գարեջրի գործարանը ստացել է իր շշերի վրա Բավարիայի զինանշանը ցուցադրելու իրավունք։ Ոչ մի այլ ապրանքանիշ ամբողջ Գերմանիայում չունի այդ արտոնությունը:

Ներկայումս այդ գարեջրի գործարանի տեսականին ներառում է գարեջրի 14 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է առանձին քննարկման։ Գարեջրերի տեսակների մեծ մասը, ցավոք, հնարավոր չէ գտնել Գերմանիայից դուրս: Առավել արտասովոր գարեջուր է Weihenstephaner KristallWeissbier-ը։ Դա կրիստալլվայցենի հազվագյուտ տեսակ է, այսինքն ցորենի գարեջուր, որից խմորիչի բոլոր հետքերը հեռացվում են։ Արդյունքը գրեթե մաքուր, պարզ գարեջուրն է մրգային փունջով և հարուստ համով։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular