Նարեկ և Գայանե Հախնազարյանները կօգնեն վերականգնողական կենտրոնի երեխաներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգի ողջ հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը և Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը։
«Շատ հուզիչ է մեզ համար այս միջոցառումը, երբ գիտես, որ կողքիդ ապրում են փոքրիկներ, ովքեր օգնության կարիք ունեն։ Երբ Նարեկը մեզ հայտնեց իր մտահաղացումը, շատ ուրախացա, և մեծ ոգևորվածությամբ պատրաստվել ենք։ Հաճելի է, երբ գիտակցում ես, որ ինչ-որ փոքր լումա ես ներդնում այս երեխաների բուժման և խնամքի համար»,- ասաց պրոֆեսոր Հախնազարյանը։
Նարեկն իր պարտքն է համարում օգնել իր ուժերի ներածին չափով վերականգնողական կենտրոնի երեխաներին։
«Անցյալ տարի ես այցելեցի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն և ապշած էի այնտեղի մթնոլորտից և սիրուց, որը կար այդ հաստատության ներսում։ Բոլոր աշխատակիցները պրոֆեսիոնալներ են, և երեխաները այնտեղ հիանալի պայմաններում են ապրում։ Բայց, միևնույնն է այդ ամենը պահանջում է ֆինանսական ներդրումներ։ Թեև կան հովանավորներ, բարերարներ, բայց այդ ամենը բավարար չէ, քանի որ գումարի կարիք միշտ էլ կա»,- ասաց Նարեկը։
Թավջութակահարը հույս հայտնեց, որ այս համերգի շնորհիվ փոքրիկներին օգնելու համար կհավաքվի համապատասխան գումարը և հնարավոր է, որ փրկվի շատ կյանքեր։
Համերգի շրջանակներում Նարեկը և իր մայրը կկատարեն Բեթհովենի, ՇումանÕ «, Շոպենի հայտնի ստեղծագործություններ։ Նա հայտնեց, որ առաջին անգամ կհնչի համաշխարհային պրեմիերա՝ կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Մոնոլոգ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ իր համար։
Կոշ մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հախնազարյաններին նման նախաձեռնության համար և ասաց, որ իրենց մոտ 23 երեխա բուժում է ստանում իրենց մոտ՝ հարակից 18 գյուղերից և երկու քաղաքներից։
«Երեխաները անվճար բուժում են ստանում մեզ մոտ, մենք ամեն առավոտ կենտրոնի մեքենայով բոլորին հավաքում ենք իրենց տներից և տանում կենտրոն։ Այնտեղ յուրաքանչյուր երեխա առնվազն երեք թերապիա և երկու անգամյա սնունդ է ստանում»,- նշեց կենտրոնի տնօրենը։
Նարեկ և Գայանե Հախնազարյանների բարեգործական համերգը տեղի կունենա մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:00-ին։