ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ականի պայթյունից զոհվել է Արամայիս Հայրապետյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ․-ի սեպտեմբերի 26-ին Արամայիս Հայրապետյանի 28-ամյակն էր, նույն օրը Արամայիսի նշանադրությունն էր, իսկ 27-ի առավոտյան պայուսակը պատրաստ էր  Արցախ մեկնելու համար: 

Բժիշկ, կապիտան Արամայիս Հայրապետյանը զոհվել է 44-օրյա պատերազմի 42-րդ օրը՝ վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ ականի պայթյունից։

Արամայիսն ընտանիքի անդամներին խոստացել էր վերադառնալ և կիսատ մնացած խնջույքը շարունակել պատերազմից հետո: Ընտանիքի անդամներին վստահեցրել էր, թե ապահով տեղում է լինելու, իրեն վտանգ չի սպառնալու:

«Ասում էր՝ մամ, ես իմ գործն եմ անելու, ասելու եմ ՝ էս զինվորին էստեղ տարեք, նրան բերեք»,-պատմում է Արամայիսի մայրը՝ Հերմինե Ղազարյանը։ Հարազատներն Արամայիսին Մայիս էին ասում: 

Արամայիսը 2020թ․-ի օգոստոսին Մարտունիում ավարտել էր ռազմական բժշկի ծառայությունն ու Հայաստան վերադարձել։ Նա ուսումը շարունակելու էր օրդինատուրայում, աշխատելու էր Մուրացանի անվան հիվանդանոցում՝ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտացմամբ։

Պատերազմի սկսվելուց հետո նրան ու իր 3 ընկերներին համալսարանը չէր թույլատրել մեկնել Արցախ, քանի որ նոր էին ավարտել ծառայությունը։ Արամայիսը դիմում է գրել պաշտպանության նախարարություն ու խնդրել իրեն կրկին նշանակել նախկին պաշտոնում։ Հոկտեմբերի 1-ին մեկնել է երկրորդ պաշտպանական շրջան (Մարտունի 2)։

Վաղ տարիքից Արամայիսը որոշել էր բժիշկ դառնալ։ 2008-ին ընդունվել է Հերացու անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Հետագայում ուսումը շարունակել է որպես ռազմական բժիշկ։ Ինտերնատուրան ավարտելուց հետո ծառայության էր անցել Շուշիում, այնուհետև՝ տեղափոխվել 2-րդ պաշտպանական շրջան, նախ՝ որպես բուժկետի պետ, ապա՝ բուժծառայության պետ։

«Համեմատաբար փոքրամարմին էր, սկզբում իրեն լուրջ չէին վերաբերվում, տարիքից միշտ փոքր էին վերաբերվում, ասում՝ երեխա է, բայց հետո հասկացել են, որ երեխու հետ գործ չունեն։ Շատ դժվարությունների միջով անցավ, ասելու չէ։ Մարտունի 2-ում բուժսպասարկումն ու սանիտարական վիճակը շատ վատ էր»,- հիշում է մայրն ու հավելում, որ ծառայության առաջին տարում որդին գրեթե տուն չի եկել: Այդ տարի 2-րդ պաշտպանական շրջանի բուժծառայությունը ճանաչվել է լավագույնը։

Արամայիսի ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Ծառայությունից վերադառնալուց հետո Արամայիսը վերանորոգել է տան շքամուտքը, խոհանոցը:

«Ամեն պարագայում կարողանում էր ինքն իրեն արդարացնել, ամեն հարցում պարտաճանաչ էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից, մի անգամ հարցնում էր՝ ոնց պատը շարի, ոնց ծեփի, ոնց հոսանքի լարը քաշի, հերիք էր իրեն, կարողանում էր ամեն ինչ անել»,- պատմում է Հերմինե  Ղազարյանը։

Թերթում ենք որդու լուսանկարների ալբոմը, ամեն նկարի մասին մայրը մի պատմություն է պատմում։ Լուսանկարները հիմնականում արվել են Արցախում՝ ծառայության ընթացքում։

Հյուրասենյակում Արամայիսի անկյունն են ստեղծել, այդտեղ դրված են ՊՆ-ից ստացած պատվոգիրն ու հուշանվերը, քիչ ներքևում Արամայիսի բժշկական գործիքներն են, դրանցից մեկը դարակից հանում է քույրը՝ Հասմիկ Հայրապետյանն ու դեպի ինձ մեկնում․ բժշկական մեծ մկրատ է․ «Մկրատը Մայիսը շատ էր հանում դարակից ու կատակում, թե ով խելոք չմնա, լեզուն կկտրի․․․ ինքը շատ ուրախ մարդ էր, իր կողքին անհնար էր ուրախ չլինելը»:

«Որտեղ լինում էր, ուրախություն էր, Մայիսի հետ մի անգամ խոսացողը չի մոռանա նրան»,- դստեր խոսքերը հաստատում է մայրը: 

Մայիսը տան կրտսերն էր, թեև քրոջից ընդամենը 11 ամսով էր փոքր, բայց քույրը միշտ խնամել է նրան, կատակով ասում էր՝ երբ պիտի վերջապես ամուսնանա, որ զինվորական համազգեստն արդուկող լինի։

Պատերազմի օրերին Մայիսն ամեն օր զանգում էր, զրուցում նշանածի ու ընտանիքի անդամների հետ, խնդրում տեղեկացնել՝ ինչ են ասում լուրերով, ինչ նորություններ են հայտնում։

Մի օր զանգել է մորն ու սկսել բարձր հեկեկալ․ «Ամենամոտ ընկերներից մեկն էր զոհվել՝ բժիշկ Հարություն Չոբանյանը, որն իր հետ գնացած 3 բժիշկներից մեկն էր։ Կանչ են տվել վիրավորին տեղափոխելու համար, վիրավորի դեմքը փակված է եղել, բայց Մայիսը ձեռքի մատանիից ընկերոջը ճանաչել էր»,- պատմում է Հերմինե Ղազարյանը։

Ստեփանակերտի հիվանդանոցում Արամայիսին հանդիպել են Բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ, նրանցից Դիանա Սայիյանը հետագայում այցելել է Արամայիսի ընտանիքին եւ պատմել, որ վնասվել էին Մայիսի ողնաշարի սկավառկները, բայց սեղմիրան (կորսետ) է հագել ու շարունակել վիրավորներին օգնություն ցույց տալ։

Հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ն հարվածել է շտապօգնության մեքենային, որի մեջ եղել են Արամայիսն ու վիրավորներ։ Արամայիսը բեռնախցիկում էր, կարողացել է մեքենայից դուրս թռչել, ողնաշարի սկավառակները վնասվել են։ Ընտանիքի անդամներին չի ասել, որ վնասվածք ունի, ասել է, որ հնարավորություն կա տուն վերադառնալու։

Նոյեմբերի 8-ի առավոտյան Մայիսը զանգել է մորը, ասել, որ Շուշին «տվել են»։ Սա եղել է մոր և որդու վերջին խոսակցությունը։ Արամայիս Հայրապետյանը զոհվել է վիրավորին օգնության հասնելու ճանապարհին՝ Մարտունի քաղաքից դեպի հյուսիս արևելք։ Շտապօգնության մեքենան պայթել է ականի վրա, նրա հետ զոհվել է նաև շտապօգնության մեքենայի վարորդը՝ Դանիել Ավետիսյանը։

Արամայիսը նոյեմբերի 8-ին վիրավորին օգնության պիտի գնար բժիշկ Դավիթ Ղազարյանի հետ, որը վերջինիս դասախոսն է եղել, սակայն Ղազարյանը կանչի պահին զրահաբաճկոն չի ունեցել, և Արամայիսը նրան խնդրել է մնալ։ «Անընդհատ մեքենաներն աշխատում էին, վիրավորներին էինք տեղափոխում, երբ 10 րոպեանոց դադար եղավ, գնացինք, որ որոշ իրեր բերենք, սնունդ և այլ պարագաներ։ Ես շտապ գնացի՝ առանց զրահաբաճկոնի ու գլխարկի, բայց ճանապարհին կանչ եղավ, ասացին՝ հետ եկեք, վերադարձանք։ Մայիսն էլ մեկ ուրիշ բժշկի հետ քաղաքացիական մեքենայով  էր, ասացի՝ գնանք կանչի հետևից, բայց երբ տեսավ, որ զրահաբաճկոն ու գլխարկ չկար, ասաց՝ Դավիթ Մհերիչ, դուք մնացեք, ես կգնամ»,- պատմում է բժիշկ Դավիթ Ղազարյանը։ 

Նոյեմբերի 8-ի երեկոյան բարեկամները հերթով այցելել են Հայրապետյանների տուն, ասել, որ Մայիսը վիրավոր է, իսկ ընկերները չեն պատասխանել հեռախոսազանգերին։ «Նամակ գրեցի ընկերոջը, ասացի՝ Արտաշ ջան, ինչ-որ եղել է, ասա, թե լավ, թե վատ, էդ մարդիկ եկել են մեր տուն, բայց բան չեն ասում, 2 րոպե հետո զանգեց ու ասաց․․․․»,- դողացող ձայնով պատմում է Հասմիկը։

Արամայիս Հայրապետյանին ընտանիքի անդամները հուղարկավորել են Զովունիի գերեզմանատանը։ «Տղայիս տատիկ, պապիկի մոտ եմ տարել»,- հազիվ լսվում է Մայիսի հոր՝ Սուրեն Հայրապետյանի ձայնը։ 

Արամայիս Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular