ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի». ինչու՞ թույլ չեն տալիս մուտք գործել Վերին Ոսկեպարի տարածք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023թ․-ի գարնանից Նոյեմբերյան համայնքի ղեկավար, Ապրելու երկիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյան նախաձեռնությամբ  Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Մարտական եղբայրության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի արդյունքում ստեղծվել է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածք, որտեղ մարզումներ են իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար: 

Երեկ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժին՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար: Երբ վերջիններս մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության աշխատակիցները և ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չունեն: Նույնն է ասել նաև ոստիկանության Նոյեմբերյանի  բաժնի պետի տեղակալը, ով ավելի ուշ է տեղ հասել։

«Մեր խնդիրը, առհասարակ, ոստիկանության հետ չէ: Տեղի ոստիկանությունն այս հարցի հետ որևէ առնչություն չունի, իրենց ուղղակի վերևից հրահանգ է եղել: Բայց մենք ենք հարկ վճարում, որ այդ նույն ոստիկանները մեզ ծառայեն, մեր ներքին կյանքն ու անվտանգությունը հսկեն: Այլ բան է, որ քաղաքական իշխանություններն իրավասություն ունեն հրաման տալու, ու այդ մարդիկ հրամանի տակ են, այլ բան անել չեն կարող: 

Սա սկսվել է դեկտեմբերին, մինչ այդ մենք մշտապես մարզումներ ենք իրականացրել կրակակետում, որևէ խնդիր չի եղել: Էլի դեպքեր են եղել, երբ արգելել են մուտք գործել տարածք: Այս անգամ մեր տղաները գնացել են ուղղակի գիշերելու այնտեղ տեղադրված մեր վագոն-տնակում: Պատճառաբանել են, որ վերջինս անօրինական է, բայց եթե այն ժամանակավոր շինություն է, ինչպե՞ս կարող է անօրիանական լինել: Մենք պատրաստ ենք օրինականացնել, թող թույլտվություն, հողի նկատմամբ իրավունք տան», 1or.am-ի հետ զրույցում նշեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը: 

Մեր դիտարկմանը, որ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Ավետիս Ավետիսյանը ևՀենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար, Շիրոյանը պատասխանեց.

«Զենքի ստուգման թեմա չի եղել, քանի որ զենքն օրինական է: Ճիշտ է, հիմա ՆԳՆ-ն հերքում է, բայց նրանց սկզբնական պահանջը եղել է այն, որ մեր տղաների՝ այդ տարածքում գտնվելն անօրինական է: Ասել են՝ տարածքը մերը չէ: Ես հարցնում եմ՝ ու՞մն է, եթե Իլհամ Ալիևն է տարածքի տերը, թող գա, խոսի, ինչու՞ են իրենք խոսում:

Հարցին՝ որոնք են լինելու նրանց հետագա քայլերն ու ինչ ճակատագիր է ունենալու կրակակետը, Շիրոյանը պատասխանեց, որ իրենք շարունակելու են մարզումները.

«Թող իրենք խանգարեն, այդ տարածքը հազար տեղից մուտք ունի, չեն կարող անընդհատ արգելել: Զենքի թույլտվության օրենքը կա, փոխարենը մարդկանց հորդորեն գնալ, քննություն հանձնել, զինվել՝ հատկապես սահմամամերձ շրջաններում, մեր ոստիկաններին հրամայում են մեր տարածքները մեզնից պաշտպանել: Մարդկանց, ում տները հարյուր-երկու հարյուր մետրի վրա են գտնվում ադրբեջանական դիրքերից, թույլ չեն տալիս նույնիսկ ամրաշինական աշխատանքներ կատարել, հետո էլ համապարփակ անվտանգությունից են խոսում»:

 Նոյեմ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular