ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանի վարձակալության հետ կապված խաբեության նոր սխեմա Հայաստանում. թիրախում արցախցիներն ու մարզերի բնակիչներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գործարքների և վարձավճարների ավելացմանը զուգահեռ, աճում են նաև անշարժ գույքի վարձակալության կամ առքուվաճառքի իրականացման պատրվակներով խաբեությամբ քաղաքացիներից դրամական միջոցներ հափշտակելու դեպքերը:

Խաբեության թիրախում հիմնականում հայտնվում են շտապ վարձով բնակարան փնտրող քաղաքացիները, որոնք, հաճախ լուսանկարների միջոցով տեսնելով առաջարկվող բնակարանն, այն ամրագրելու համար կանխավճար են թողնում, իսկ անշարժ գույքի գործակալ ներկայացող անձինք, որպես կանոն կանխավճարը կորզելուց հետո անհետանում են:

Վերջին տարիներին հանցավոր սխեմաների թիրախում հիմնականում հայտնվում են օտարերկրացիներ՝ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած ռուսներ, իրանցիներ, հնդիկներ և այլն:

 

Իսկ վերջին ամիսներին աճել են նաև բռնի տեղահանված արցախցիների, ինչպես նաև ՀՀ մարզերի բնակիչների նկատմամբ խաբեության դրսևորումների դեպքերը:

Ճամբարակի բնակիչ 52-ամյա Անուշ Հայրապետյանը NEWS.am-ին հայտնեց, որ օրեր առաջ ինքը ևս դարձել է նմանօրինակ խաբեության զոհ:

«Երևանում վարձով բնակարան էի փնտրում, երբ համացանցում անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարություններից մեկում կարդացի Կոմիտասի 48 հասցեում գտնվող բնակարանի վարձակալության մասին, որի ամսավճարը 200 հազար դրամ էր նշված: Միայն լուսանկարներ էին, կոնկրետ շենքի և բնակարանի հասցե նշված չէր, իսկ գործակալի հետ կապվելու համար նշված էին միայն «վայբերի» և «վոցափի»  հեռախոսահամարներ: «Վայբերով» զանգահարեցի նշված համարներին, ինձ պատասխանեց Արման անունով անշարժ գույքի գործակալ ներկայացած անձը: Ասացի, որ ցանկանում ենք երկարաժամկետ վարձակալել բնակարանը, և միանգամից պատրաստ ենք երեք ամսվա համար նախավճար փոխանցել: Երկու սենյականոց բնակարանի համար 200.000 դրամ ամսավճար էին պահանջում, համաձայնեց մեր առաջարկին, անգամ ասաց, 180.000 դրամով կտա:

Երբ նշեցինք, որ պատրաստ ենք հենց վաղը գալ բնակարանը տեսնելու, ասաց, որ մեկ այլ հաճախորդ նույնպես պատրաստ է վարձել բնակարանը, և եթե մենք իսկապես ցանկանում ենք վարձել բնակարանը, պետք է գոնե կանխավճար թողնենք, որ իբր համոզվի, որ վաղն իսկապես գալու ենք: Ես սխալմամբ համաձայնեցի. տվյալ պահին քարտիս ընդամենը 18 հազար դրամ էր և ասացի, որ այդքան կարող եմ վճարել: Հետո, երբ զանգահարեցի որ գնանք տեսնելու բնակարանը, պատասխանեց, որ արդեն ուրիշին է տվել այն: Ասաց, թե իբր իրեն ճիշտ չեմ հասկացել, որ ինքն ասել է, որ ուրիշին է տալու և որ իմ գումարը շուտով հետ կփոխանցի: Որոշ ժամանակ անց, հետ չստանալով գումարը, զանգահարցի բանկ և պարզեցի, որ գումարն արդեն կանխիկացվել է: Հետո դարձյալ կապ հաստատեցի իր հետ՝ ճշտելու, թե ինչու՞ դեռ չի փոխանցել գումարը, այլ կանխիկացրել է այն: Լսելով հարցս, պատասխանեց՝ «եղավ» ու անջատեց»,-պատմեց տուժած քաղաքացին:

Կինը պատմեց, որ անշարժ գույքի գործակալ ձևացած տղամարդու հետ կապվելու բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ:

«Հեռախոսահամարս արգելափակեց, իսկ երբ «վոցափի» և «վայբերի» այլ համարներով էինք զանգահարում՝ հենց իմանում է՝ մենք ենք, անմիջապես անջատում է և տվյալ հեռապոսահամարն արգելափակում:

Անուշ Հայրապետյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և սպասում է, որպեսզի իրավապահները ընթացք տան գործին: Տուժածը կարծում է, որ այլ քաղաքացիներ ևս հնարավոր է՝ տուժել են տվյալ անձի հանցավոր գործունեություններից:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտեց, որ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը վկայում է, որ վերջին շրջանում ավելացել են անշարժ գույքի վարձակալության կամ առքուվաճառքի իրականացման պատրվակներով խաբեությամբ քաղաքացիներից դրամական միջոցներ հափշտակելու դեպքերը։

Նրա խոսքով՝ նման միտումը ակնառու է հատկապես վերջին երկու տարվա ընթացքում Հայաստան այլ երկրներից, հիմնականում ՌԴ-ի և Իրանի քաղաքացիների մեծ ներհոսքի պայմաններում։ Դրանով պայմանավորված՝ բացի ՀՀ քաղաքացիներից, խարդախության զոհ են դարձել նաև բազմաթիվ օտարերկացիներ, որոնք Հայաստանում գնելու կամ վարձակալելու նպատակով բնակարան են փնտրել։

«Հիմնականում գործում է հետևյալ մեխանիզմը։ Հանցավորները սոցիալական հարթակներում, կամ անշարժ գույքի առաջարկների համար նախատեսված կայքերում տեղադրում են տարբեր բնակարանների լուսանկարներ, ընդ որում, որոշ դեպքերում վերցված հենց համացանցից, և, հանդես գալով որպես գործակալներ, դրանք մատչելի գներով առաջարկում են գնման կամ վարձակալության համար։ Հետաքրքրված անձինք կապ են հաստատում հանցավորների հետ, որոնց առաջարկվում է հարմար տարբերակը չկորցնելու համար հնարավորինս շուտ անկանխիկ եղանակով հանցավորների կողմից տրամադրված հաշիվներին կատարել փոխանցումներ՝ կամ որպես նախավճար, կամ որպես կանխավճար, վարձակալության դեպքում՝ երբեմն մի քանի ամսվա վարձավճարը միանգամից, իսկ առուվաճառքի դեպքում՝ նաև պետական վճարումները կատարելու պատրվակով։ Ստանալով գումարը՝ դրանք կանխիկացնում են, ինչից հետո հաճախորդները կամ զոհերն այլևս չեն կարողանում կապ հաստատել այդ անձանց հետ։ Եղել են դեպքեր, երբ հանցավորները մարդկանց տարել, բնակարաններ են ցույց տվել, սակայն գումարներն ստանալուց հետո կրկին «անհետացել» են»,-պարզաբանեց ՔԿ ներկայացուցիչը:

Նման դեպքերից խուսափելու համար ըստ Աբրահամյանի՝ վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանցից պահանջվում է լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին համոզված կլինեն խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular