Լուկաշենկոն պատմել է, թե ինչով է զբաղվում «Վագներ» ՄՌԿ-ն Բելառուսում. նա հերքել է Լեհաստանի վրա հարձակման լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կեմենեցի շրջանի Բելովեժսկի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչով են զբաղվում «Վագներ» ՄՌԿ մարտիկները Բելառուսում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
«Ինչ վերաբերում է այդ մասնավոր ռազմական ընկերությանը («Վագներ» ՄՌԿ-ին- ծան.՝ ԲԵԼՏԱ)։ Երբ այդ տհաճ իրադարձությունները եղան, ես ստիպված միջամտեցի։ Որովհետեւ ես հասկանում էի. եթե բռնկվի Ռուսաստանը, թեժ կլինի բոլորի համար։ Միշտ այդպես է եղել պատմության մեջ. հեղափոխություններն սկսվել են այնտեղ, իսկ ավարտվել են մեզ մոտ եւ Կովկասում։ Եվ հետո, նրանք հո մեր մարդիկ են։ Եվ ես խոստացա այն ժամանակ այդ տղաներին. «Եթե դադարեցնեք, ձեզ անվտանգություն ես երաշխավորում եմ, մենք ձեզ դուրս կբերենք Բելառուս, հետո կպարզենք»։ Ինչն էլ այժմ անում ենք»,- ասել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ուզում էր պահպանել այդ ստորաբաժանումը։ «Նրանք իսկական մարտիկներ են, պատերազմի միջով անցած, իրենց շատ ընկերներին կորցրած։ Նրանք միանգամայն անվճար (չնայած վարձկաններ են, փողի համար ամենուրեք թե՛ մարտնչել են, թե՛ աշխատել) օգնում են մեզ, փորձ փոխանցում»,- ասել է Բելառուսի նախագահը։
«Հանկարծ, վերջերս լսեցի, կատաղել է Լեհաստանը, թե, իբր, այստեղ է գալիս մի ինչ-որ ջոկատ, 100 մարդ։ «Վագներ» ՄՌԿ ոչ մի ջոկատ 100 մարդով այստեղ չի տեղափոխվել։ Իսկ եթե տեղափոխվել էլ է, միայն նրա համար, որ մարտական փորձը փոխանցի այն բրիգադներին, որոնք կենտրոնացած են Բրեստում եւ Գրոդնոյում։ Ես պետք է սովորեցնեմ իմ զինվորականներին, որովհետեւ բանակը, որը չի կռվում, կիսով չափ է բանակ, դուք էլ դա հիանալի հասկանում եք։ Ուստի, պետք է նրանց սովորեցնել։ Դե, ահա նրանք էլ փոխանցում են իրենց փորձը։ Խորհուրդ կտան, ինչ-որ բան կասեն։ Շատ գոհ են մեր զինվորականներից։ Ասում են՝ նրանք շատ պատրաստված մարդիկ են, իսկ որ գլխավորն է՝ նրանք ցանկանում են սովորել։ Ուստի, գտնվելով Օսիպովիչիում՝ Բելառուսի կենտրոնում, այդ տղաները ոչ մի տեղ չեն ձգտում։Նրանք վարժվել են հրաման կատարել»,- ավելացրել է Լուկաշենկոն։
Բացի այդ, նրա խոսով՝ Բելառուսում նախատեսում են ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ։
«Դա իմ նախաձեռնությունն էր, եւ ես չեմ ափսոսում։ Ես ուզում եմ այդ տղաներին թողնել մեր երկրի Զինված ուժերում։ Եվ, նրանց վրա հենվելով, ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ,- ասել է Բելառուսի նախագահը։- Մենք ժամկետայիններ ունենք, զինակոչ. ծառայեց մեկուկես տարի՝ հեռացավ։ Ես ինքս այդպիսին եմ եղել։ Իսկ այնտեղ փորձով իմաստնացած մարդիկ են, այնտեղ հիմնականում սպաներ են, դա նրանց մասնագիտությունն է՝ կռվել կամ պաշտպանել երկիրը։ Ասում են՝ դա նաեւ ավելի էժան է։ Ուստի մենք դիտարկում ենք այդ փորձը, որպեսզի ապագայում պաշտպանենք մեզ։ Միայն դա է մեր նպատակը»։