ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի կուսակցությունը վերադառնում է ազատ շուկայի ավելի ուղղափառ տնտեսական քաղաքականությանը․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական մանիֆեստի նախագիծը նշանավորում է վերադարձ դեպի ավելի ուղղափառ ազատ շուկայական տնտեսական քաղաքականությանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրներին:

Թուրքիայում մայիսի 14-ին պետք է անցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանն իր իշխանության երկու տասնամյակի ընթացքում ընտրություններում կբախվի ամենալուրջ մարտահրավերին, հայտնում է գործակալությունը։

Էրդողանի ժողովրդականությունը հիմնականում տուժել է կենսամակարդակի նվազման պատճառով, որն առաջացել է թուրքական լիրայի արժեզրկման հետեւանքով այն ժամանակ, երբ Անկարան սկսել է ընդունել ցածր տոկոսադրույքների վրա հիմնված հակասական տնտեսական մոդել: 2021 թվականին Թուրքիան ձեռնամուխ է եղել տոկոսադրույքների կրճատման ցիկլի՝ աճող ինֆլյացիայի պայմաններում: Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցրել է իր բազային տոկոսադրույքը 500 բազիսային կետով 2021 թվականին, այնուհետեւ կրկին 2022 թվականին՝ տոկոսադրույքների նվազեցման Էրդողանի կոչերից հետո:

 

2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի հետեւանքով պայմանավորված էներգակիրների եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճի հետ մեկտեղ, դա հանգեցրեց նրան, որ անցյալ տարի Թուրքիայում գնաճը գերազանցեց 85 տոկոսը:

Թուրքիայի հարկաբյուջետային դժվարությունները նաեւ խորացան, երբ փետրվարի 6-ին երկրի հարավային շրջաններում տեղի ունեցավ հզոր երկրաշարժ՝ անօթեւան թողնելով միլիոնավոր մարդկանցեւ միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով:

Ըստ նախագծին ծանոթ աղբյուրների՝ գալիք ընտրությունների համար իշխող կուսակցության մանիֆեստում չի հիշատակվի Անկարայի վերջին տնտեսական քաղաքականությունը, փոխարենը կառաջարկվի վերադառնալ կուսակցության ավելի ուղղափառ մոտեցմանը:

Անանուն աղբյուրները նաեւ հայտնել են, որ Էրդողանը ցանկանում է նախկին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքին գլխավոր դերը տալ տնտեսության կառավարման գործում։

«Տնտեսության նկատմամբ մոտեցումը շատ նման է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականի նախընտրական մանիֆեստի մոտեցումներին: Այսինքն՝ կուսակցությունը վերադառնում է իր ակունքներին»,- մեկնաբանել է այս նախագիծը պաշտոնական աղբյուրը՝ հավելելով, որ դրա վրա աշխատանքները հասել են եզրափակիչ փուլին։

Կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ մանիֆեստում չի հիշատակվում տնտեսության նոր մոդելը, այլ ընդգծվում են նախկինում պաշտպանվող սկզբունքները, ինչպիսին են գնաճի դեմ պայքարը, պետական հատվածի հաշվետվողականությունը եւ մրցույթների թափանցիկությունը:

Նա նշել է, որ Էրդողանի կողմից մանիֆեստի վերջնական հաստատում է անհրաժեշտ, եւ առայժմ նա որեւէ հատուկ կարծիք չի հայտնել։

«Եթե նա ընդունի մանիֆեստը, դա, ի վերջո, կհանգեցնի արմատական փոփոխությունների ինչպես նախարարների կաբինետում, այնպես էլ տնտեսության կառավարման մեջ»,- ասել է աղբյուրը։

Էրդողանի նպատակների թվում Շիմշեքի նշանակումն է եղել։

Ըստ աղբյուրի, եթե նա ստանձնի պաշտոնը, անխուսափելի են տնտեսական քաղաքականության, բյուրոկրատիայի եւ կաբինետի անդամների արմատական փոփոխությունները, «որպեսզի նրանք նրա հետ ներդաշնակ աշխատեն»։

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերը խորացրել են հարկաբյուջետային խնդիրները, որոնց բախվել է կառավարությունը մայիսին կայանալիք ընտրություններում ընտրողներին գրավելու համար։

Երկրաշարժերից հետո բյուջեի դեֆիցիտը փետրվարին աճել է մինչեւ 171 միլիարդ լիրա (9 միլիարդ դոլար), մինչդեռ նույն ամսին առեւտրային բալանսի դեֆիցիտը կազմել է 12,2 միլիարդ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular