Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մարտարվեստ այկիդո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյկիդոյի հիմնադիրը Մորիհեյ Ուեշիբան է, ով ծնվել է 1883 թվականին ազնվական, բայց աղքատ սամուրայների ընտանիքում։ Ուեշիբայի նախապապը ծառայել է Ճապոնիայի ռազմական տիրակալի՝ սյոգունի անձնական գվարդիայում, իսկ հայրն աշխատել է որպես մարտարվեստի հրահանգիչ։ Ընտանիքի դիրքերը կայսր Մեյջիի օրոք բավականին կայուն էր, սակայն իրականացված բարեփոխումները, որոնք զրկել են սամուրայներին կարգավիճակից, առաջացրել է ընտանիքի կործանում ու անկում։
Երիտասարդ տարիներին Մորիհեյը շատ հիվանդ է եղել։ Նա իր հասակակիցների ծաղրի առարկան էր։ Հայրը նրան ուղարկել է սումոյի դպրոց, սակայն երիտասարդ Մորիհեյը չի կարողացել նշանակալի արդյունքների հասնել: 1901 թվականին Ուեշիբան տեղափոխվել է Տոկիո ապրելու։ Այնտեղ նա բավականին ժամանակ է հատկացրել բուդոյի արվեստի ուսումնասիրությանը, որտեղ զգալի հաջողությունների է հասել ձևավորելով ամուր մկաններ։ Սակայն շուտով նրա ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, նա հիվանդացել է։ Բժիշկներն ասել են, որ Մորիհեին չի կարողանա ապաքինվել։ Այդ հանգամանքը ստիպել է նրան վերադառնալ ապրելու ծնողների հետ Վակայամայում։ Մշտական ֆիզիկական վարժությունների արդյունքում երիտասարդ Ուեշիբայի առողջությունը արագ վերականգնվել է և ապաքինվելուց հետո Մորիհեյը որոշել է չվերադառնալ Տոկիո, և գնալ ծառայելու բանակում, որտեղ աշխատել է որպես ձեռնամարտի հրահանգիչ։ Ուեշիբան բանակից վերադառնալուց հետո շարունակել է զբաղվել ջիու-ջուցուով։
Մորիհեյ Ուեշիբայի կյանքում կարևոր իրադարձություն է եղել նրա ծանոթությունը Տակեդա Սոկակուի հետ, ով այդ ժամանակ դասավանդում էր Դաիտո-րյու Այկի-ջուցու։ Այդ ծանոթությունը Մորիհեյին տվել է այն միտքը, որ մարտարվեստը, որքան էլ դաժան ու ագրեսիվ լինի, պետք է հիմնված լինի մարմնի ներդաշնակության և հավասարակշռության վրա։ Ուեշիբան ուսումնասիրել է «այկի» հասկացությունը, որը հետագայում հիմք է դարձել նրա կողմից մշակված մարտարվեստի համակարգի համար։ Մորիհեյը Այկիդոյի ապագայի բոլոր հնարքները վերցրել է Դաիտո-րյու դպրոցից, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նա շատ տպավորված է եղել այդ մարտարվեստին բնորոշ գործնական մոտեցման և հոգևոր բաղադրիչի համադրությամբ։
Ուեշիբան իր սեփական դպրոցը բացել է 1922 թվականին: Սկզբում այն կոչվում էր այկի-բու-ջուցու: Նոր մարտարվեստի բոլոր հնարքները ուղղված էին ոչ թե հարձակման փորձին, այլ պաշտպանության կազմակերպմանը։ Գրեթե բոլոր հնարքները, որոնք սովորեցնում էր Մորիհեյը, կարող էին օգտագործվել միայն թշնամու հարձակումից հետո: Հարվածները հանդես են եկել որպես լրացուցիչ տարրեր։ Վնասվածքները կանխելու համար մենամարտն ավարտվել է բազկի պարզ սեղմումով, ինչը վկայում էր նոր մարտարվեստի մարդասիրության մասին։
Այկիդոյի առաջին դպրոցը բացվել է 1939 թվականին Իվամի տաճարում: Ներկայումս այդ սինտոյական սրբավայրը ծառայում է որպես Այկիդոյի պաշտոնական կենտրոն։ 1941 թվականին առաջին անգամ ներկայացվել է Այկիդո պաշտոնական անվանումը, իսկ 1948 թվականին ստեղծվել է Այկիկայի ասոցիացիան։
Այկիդոն լայն տարածում է գտել 1950-60-ական թվականներին։ Բազմաթիվ ակումբներ են բացվել նոր մարտարվեստ սովորելու համար։ Մորիհեյը թոշակի է անցել ղեկավարությունը վստահելով որդուն։ Նրա միակ պայմանը եղել է կոշտ հիերարխիա և ենթակայություն պահպանելը։ Այս սկզբունքը գործում է մինչ օրս։
Ժամանակակից աշխարհում Այկիդոյի բոլոր պաշտոնական կազմակերպությունները Այկիկայի մասնաճյուղերն են և ձևավորվում են միայն նրա համաձայնությամբ։ Մյուս կազմակերպությունները ոչ ֆորմալ են՝ այկիդոյի իսկական ավանդույթից դուրս:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը