ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Երևանը տարակուսած է, բայց հրաժարվում են բացահայտել հայկական առաջարկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պատկան մարմինները չեն բացահայտում, թե ՌԴ միջոցով սահմանազատման և սահմանագծման հարցով ինչ առաջարկներ են ներկայացրել Ադրբեջանին, որ վերջինս էլ մերժել է դրանք։ Հայկական կողմի առաջարկների մասին հունվարի 14-ին տեղեկացրեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Ավելի ուշ ԱԺ-ում Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։

Սրան հաջորդեց հունվարի 20-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միայն երեկ է արձագանքել այս հայտարարությանը, այն էլ՝ Եռաբլուրում, լրագրողների պնդմամբ։ Նա նշել է, թե պաշտոնական Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար։

«Ի՞նչ պահով են անընդունելի իրենց համար, հավանաբար նկատի ունեք. մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները։ Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և Ձեր հնչեցված հարցում, ըստ էության, պատասխանը կա, հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և ըստ այդմ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել», - նշել է նախարարը։

ԱԳ նախարարն այս անգամ էլ չի բացահայտել առաջարկների էությունը։ Հայելային հետքաշման անթույլատրելիության մասին նշել էր հեռացող օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ նշելով, թե նման քայլը վտանգում է սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները։ Հստակ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր հետևողական քաղաքականությունը՝ ահաբեկելով Հայաստանի և Արցախի քաղաքացիներին՝ անտանելի դարձնելով նրանց կյանքը, կտոր-կտոր պոկելով հայկական տարածքները։ Ողջամիտ որևէ հակաքայլ հայկական կողմից այսքան ժամանակ չենք տեսել։ Անցած տարվա մայիսից ադրբեջանական հրոսակները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, և փաշինյանական վարչախումբը ոչինչ չի ձեռնարկում նրանց մեր տարածքից հեռացնելու ուղղությամբ։

Սարգիս Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular