Ռազմական փորձագետը պատմել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի կռվի Հայաստանի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆradio1.news–ը գրում է, որ ռուսական բանակը չի կռվի Հայաստանի կողմից, եթե Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը վերսկսվի: radio1.news-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը։ «Ռուսաստանը Հայաստանի համար չի կռվի. ներկայումս Հայաստանի զինված ուժերը վերականգնման պահանջ ունեն։ Ակնհայտ է, որ այն պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը չի ձեռնարկում այն քայլերը, որոնք նպատակաուղղված կլինեն լարվածությունը նվազեցնելուն»,- ասել է Եվսեևը։ Նրա խոսքով, նման իրավիճակում ամենանպատակահարմար քայլը կլինի հայկական տարածքում երկրորդ ռուսական ռազմակայանի ստեղծումը։ «Մենք պետք է երկրորդ ռուսական ռազմաբազան ստեղծենք, որովհետև Գյումրիի ռազմաբազան նախատեսված չէ Ադրբեջանից Հայաստանի պաշտպանության համար։ Նախկինում դա ընդհանրապես նախատեսված չի եղել, այդ բազան նախատեսված է Հայաստանին Թուրքիայից պաշտպանելու համար»,- նշել է փորձագետը։ Նաև, ըստ նրա, Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր մուտքը կարող է խոչընդոտվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով։ «Մենք ընդհանուր սահման չունենք, և ռուսական զորքերի մուտքը կարող է իրականացվել միայն Իրանի տարածքով, որովհետև դժվար թե Վրաստանը կամ Ադրբեջանը թույլ տան ռուսական զորքերին անցնել Հայաստան»,- հավելել է Եվսեևը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը