Ադրբեջանում հայտարարել են, թե իբր Հայաստանի օգտին լրտեսության համար կասկածվող անձ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է 51-ամյա տղամարդու՝ իբրև թե «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և հանրապետության դեմ թշնամական գործողություններ իրականացնելու» կասկածանքով: Ձերբակալված Այդին Զաքի օղլու Զաքիևի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով՝ «Պետական դավաճանություն», հայտնում է գերատեսչությունը:
Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իբր պարզել են, թե Զաքիևն օգնել է հայկական կողմին՝ «թշնամական գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ՝ ի վնաս հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պաշտպանունակության»:
«Նա փոխանցել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի հավաքագրման մասին և տարածել տեղեկատվություն՝ ուղղված հանրապետությունում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելուն»,- մեջբերում է News.ru կայքը:
Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ «Զաքիևին տրվել է նաև առաջադրանք` Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար ներգրավելու այլ անձանց»: