Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի օրական ռեկորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդություններից մահացածների թիվը 54 է, ինչը ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի կայքը:
Նախորդ օրական մահացության առավելագույն մակարդակը գրանցվել էր 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ մահացել էր 53 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում հանրապետությունում մահացել է 6182 մարդ:
Վերջին օրվա ընթացքում գրանցվել է նաև վարակի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 5697 մարդու մոտ:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 455 846 դեպք, ինչը կազմում է բնակչության 12,23%-ը, ապաքինվել է 406 475 հիվանդ:
Վրաստանում հուլիսից կորոնավիրուսային վարակի օրական դեպքերի թիվն աճում է: Եթե նախկինում օրական ցուցանիշը տատանվում էր 1000-ի սահմաններում, ապա այժմ այն հասնում է 4000-ի: Սա ստիպել է իշխանություններին նորից դիմակների կրումը դարձնել պարտադիր: