Ի՞նչը կարող է խանգարել Ադրբեջանին ՀԱՊԿ-ի անդամ դառնալ․ ՌԴ փոխարտգործնախարարի պատասխանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռները պետք է բոլորի համար բաց լինեն։ Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, դա ՀԱՊԿ կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է դրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ «Իզվեստիային» տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ին այլ պետությունների անդամակցության հարցը։
Խոսելով ՀԱՊԿ Ուզբեկստանի վերադարձի մասին՝ Ռուդենկոն հիշեցրել է, որ այդ երկիրը ֆորմալ առումով ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այլ միայն դադարեցրել է իր մասնակցությունը: Այդ պատճառով, եթե նրա մոտ վերադառնալու ցանկություն առաջանա՝ դա շատ հեշտ կիրագործվի։
«Ինչ վերաբերում է այլ երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ դռները պետք է բոլորի համար բաց լինեն։ Միակ բանը, որ կարող է սահմանափակել անդամակցությունը, դա կազմակերպության կանոնադրության որոշակի դրույթներն են, որոնց համաձայն ՀԱՊԿ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև դեռևս նման հարաբերություններ չկան» - ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ վաղ թե ուշ այդ հարաբերությունները կհաստատվեն, ու այդ ժամանակ «այդ հարցը կարող է այս կամ այն ձևով գործնական հարթություն մտնել»:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին Տաշքենդում, 2002 թվականին որոշում է ընդունվել համապատասխան կազմակերպություն ստեղծելու մասին: ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը ու Տաջիկստանը, որը 2020-2021 թվականներին նախագահում է կազմակերպությունում: