Առողջական որ խնդիրները կարող են ուղեկցվել հոտառության կորստով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոտառության կորուստը վերջին շրջանում ասոցացվում է միայն կորոնավիրուսային վարակի հետ, քանի որ համարվում է այս հիվանդության հիմնական ախտանշաններից մեկը, սակայն հանրահայտ բժիշկ Ելենա Մալիշևան նախազգուշացնում է, որ այս ախտանշանով կարող են դրսևորվել նաև գլխուղեղի աշխատանքի շատ վտանգավոր խանգարումները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
«Հոտառության կորուստը կարող է վկայել գլխուղեղի շատ լուրջ, իսկ երբեմն էլ ողբերգական խնդիրների մասին», - հայտնել է հանրահայտ հաղորդավարը՝ մանրամասնելով, որ այս ախտանշանով կարող է դրսևորվել անգամ այնպիսի լուրջ ախտանաբանությունը, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը:
Ինչպես բացատրել է նյարդաբան Վլադիմիր Պարֆենովը, անբուժելի նեյրոդեգեներատիվ այս հիվանդությունը հանգեցնում է հոտառության համար պատասխանատու նեյրոնների ոչնչացման, ինչն էլ դառնում է հոտառության կորստի պատճառ:
Ռուս գիտնական, նյարդավիրաբույժ Ալեքսեյ Շկարուբոն իր հերթին հավելել է, որ հոտառության կորուստը կարող է պայմանավորված լինել նաև գլխուղեղի ուռուցքներով: Ընդ որում՝ այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև տեսողության վատթարացմամբ ու շնչառության խանգարմամբ: Մասնագետի խոսքով՝ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում, հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու ստուգել գլխուղեղի վիճակը համակարգչային շերտագրության կամ մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով: Էլ ավելի հստակ արդյունք ստանալու համար մասնագետը խորհուրդ է տալիս շերտագրությունն անել կոնտրաստային հեղուկի գործածությամբ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru