Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիները, կատարում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանական հարձակումները հետ մղելիս արդեն զոհվել է ավելի քան 800 զինծառայող, տասնյակ խաղաղ բնակիչներ են մահացել: Ըստ գնահատականների՝ Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահան է եղել, մարդիկ գիշերում են ավտոմեքենաների մեջ կամ բաց տարածքներում, ընկնող ռումբերից հնարավորինս հեռու, մինչդեռ ձմեռը մոտենում է:
Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մենք չենք կարող թույլ տալ պատմության կրկնությունը: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ մղել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտարարեն, որ նրանք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն այս պատերազմը, ապա կլինեն հետևանքներ: ԱՄՆ-ը չի կարող անտարբեր լինել այս ամենի հանդեպ:
Ես Հայաստանի կողքին եմ, ես Արցախի կողքին եմ»,- գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: