Ինչքան հարձակում գործեն մեզ վրա, մերոնք են հաջողություն գրանցելու. Կոմանդոս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյն, ինչ այս օրերին տեղի է ունենում Արցախա-ադրբեջանական սահմանին՝ լայնամասշտաբ պատերազմ է, 1or.am-ի հետ զրույցում նշեց գեներալ-մայոր, Արցախի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Թեև հակառակորդն ունի մեծ թվով տեխնիկայի, զենք-զինամթերքի կարուստներ, շատ զոհեր: Ցավոք, մենք ևս ունենք զոհեր, բայց մեր բանակն իր առջև դրված խնդիրը կարողանում է փայլուն կերպով լուծել և պատրաստ է դիմակայել հակառակորդին: Ադրբեջանցիները պետք է մեկ բան հասկանան, որ ինչքան հարձակում գործեն մեզ վրա, մերոնք են հաջողություն գրանցելու»,-ասաց Կոմանդոսը:
Ա. Տեր-Թադևոսյանը նշեց նաև, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը երբեք ցանկություն չի ունեցել պատերազմելու, բայց ստացվում է, որ ամեն անգամ ստիպել են:
«Ինչի՞ համար են պատերազմում, ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Բայց մենք ընդամենը մեր տարածքն ենք պաշտպանում, որի իրավունքն ունենք: Միջազգային հանրությունը պետք է այս ամենը հասկանա և հավասարության նշան չդնի մեր ու նրանց միջև»,-ասաց փորձառու զինվորականը:
Լիլիթ Կիրակոսյան