Դանակահարության դեպք Ոսկեհասկում
ԻՐԱՎՈՒՆՔՏարբեր մարմնական վնասվածքներով հունիսի 27-ին կեսօրին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու երիտասարդ: Ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երիտասարդներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ձախ բազկի ստորին երրորդականի ծակած կտրած, արյունահոսող վերքով, իսկ մյուսին՝ ձախ գոտկային շրջանում ծակած կտրած վերքով։ Վերջինիս վիրահատել են: «Առկա էր երիկամի վնասում: Վիրահատությունն արդեն ավարտվել է: Տղայի վիճակ կայուն է, արյունահոսությունը դադարեցվել է: Տղան արդեն վերակենդանացման բաժանմունքում է»,-նշեց Արմեն Խաչատրյանը:
Մեղայականով արդեն իրավապահ մարմիններին է հանձնվել նույն գյուղի մի երիտասարդ: «Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով: Արդեն կա անձ, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն և քննիչի մոտ տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն»,-նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Դեպքը տեղի է ունեցել Ոսկեհասկ համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ: