ԱՄՆ-ում 40 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ներքեւ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօրվա դրությամբ ամենահարուստ երկրներից մեկում՝ ԱՄՆ-ում 40 միլիոն մարդ ապրում է աղքատության գծից ներքեւ, իսկ 5 միլիոն մարդ էլ ապրում է այնպիսի պայմաններում, ինչպես երրորդ աշխարհի երկրների քաղաքացիները։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում իրավիճակի ուսումնասիրությամբ զբաղվող ՄԱԿ անկախ փորձագետ Ֆիլիպ Ալսթոնի զեկույցում։
Նրա խոսքով, Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշակի հարկային արտոնություններ է սահմանել խոշոր կորպորացիաների ու մեծահարուստների համար եւ սկսել է Պացիենտների պաշտպանության եւ հասանելի առողջապահության օրենքի չեղարկման գործընթացը, ինչը ՄԱԿ անկախ փորձագետի կարծիքով, տապալում է ԱՄՆ-ում սոցիալական ապահովության ողջ համակարգը։ Նա գտնում է, որ ԱՄՆ դատական համակարգն աշխատում է ոչ թե արդարադատության ուղղությամբ, այլ որ ավելացնի պետության եկամուտները։
Հատուկ զեկուցողի դիտարկմամբ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալով ամերիկյան հասարակությունում անհանդուրժողականությունն աղքատների ու աղքատության նկատմամբ ուժեղացավ։ Ալսթոնի հետ զրույցում Թրամփի վարչակազմի մի քանի աշխատակիցներ դժգոհություն են արտահայտել սոցիալական նպաստների վճարումների շուրջ՝ դրանք համարելով բարենպաստ հող տարատեսակ մեքենայությունների սխեմաների համար։ Նրանք գտնում են, որ աղքատներն ու գործազուրկները չարաշահում են այդ հնարավորությունը եւ «նստում պետության վզին»։
ՄԱԿ հատուկ զեկուցողը գործերի ներկա դրությունում ոչ միայն մարդկանց իրավունքների խախտում է տեսնում, այլ նաեւ ԱՄՆ-ում ժողովրդավարության սպառնալիք։ Նա կոչ է արել երկրի իշխանություններին հրաժարվել աղքատության քրեականացումից, վերանայել հարկային քաղաքականությունը, ինչպես նաեւ բարձրացնել ամբողջ հասարակության համար ծայրահեղ անհավասարության վտանգների մասին իրազեկվածությունը եկամուտի միջին եւ բարձր մակարդակով ամերիկացիների շրջանում։