Ուսեին Բոլտը պարտվել է կարիերայի վերջին մրցավազքում (լուսանկարներ, տեսանյութ)
ՍՊՈՐՏԼոնդոնում ընթացող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում օլիմպիական ութակի չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ճամայկացի Ուսեյն Բոլտը հրաժեշտ տվեց մեծ սպորտին՝ պարտվելով 100 մ տարածությունում անցկացրած մրցավազքում:
Հաղթող է ճանաչվել 2004 թվականի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթլինը, ով գրանցել է 9,92 վրկ արդյունք: երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստիան Կոլեմանը (9,94 վրկ), իսկ Բոլտը բավարարվել է բրոնզե մեդալով (9,95 վրկ):
35-ամյա Գեթլինը հաղթանակից հետո մոտեցել և խոնարհվել է Ուսեյն Բոլտի առջև:
«Սա այդքան էլ կատարյալ վազք չէր: Մեկնարկս սպանեց ինձ: Սակայն երբեմն այսպես պատահում է: Ամեն դեպքում, սա փայլուն, հրաշալի կարիերա էր:
Գեթլինը հրաշալի մրցակից է: Պետք է լավ մարզավիճակում լինես, որ հաղթես նրան: Ես գնահատում եմ, որ մրցել եմ նրա հետ: Նա լավ մարդ է»,- ասել է Բոլտը ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: