Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է կատարել մի շարք հիմնական փոփոխություններ ու լրացումներ։ Այսպես՝ օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը համապատասխան թվային համակարգ է մուտքագրում գործատուն, սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։ Նախատեսվում է հստակ սահմանել այն դեպքերը, որոնց նկատմամբ գործատուի և աշխատակցի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխման հնարավորությունը չի կարող կիրառվել, մասնավորապես, առաջարկվում է բացառել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի վերափոխելու հնարավորությունը։ Նախատեսվում է բացառել նաև աշխատավարձի չափի նվազեցումը՝ որպես 105.1 հոդվածով նախատեսվող՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպք։
Նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում հղիության և ծննդաբերության արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության դեպքերը՝ ապահովելով համապատասխան նպաստների վճարումը և բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցման տրամադրումը։
Նախագծով կատարելագործվում է առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումը։ Համապատասխան կատեգորիայի աշխատողների համար աշխատաժամանակի օրական տևողությունը կարող է սահմանվել 12 կամ 24 ժամ՝ տվյալ աշխատողի համար սահմանելով այդ տևողություններից միայն մեկը։ Միաժամանակ, երկու տարբերակների դեպքում էլ պահպանվում է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողության՝ առավելագույնը՝ 48 ժամ սահմանափակումը։
Նախատեսվում է դպրոցական օրերին մինչև 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման համար սահմանել օրական առավելագույնը երկու ժամ տևողություն, ինչպես նաև վերանայել առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատանքային ժամերի առավելագույն տևողությունները։ Վերանայվում և հստակեցվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման վերաբերյալ կարգավորումները վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար։ Նախատեսվում է ուղիղ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը փոխանցվում է աշխատողի անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։
Նախագծով հստակեցվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն դեպքերը, երբ աշխատողի կողմից նշված ժամանակահատվածում աշխատավայրից բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, նախատեսվում է գործատուի կողմից նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու հնարավորություն։ Նաև հաշվի առնելով ծնողական ժամի՝ որպես աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրից կարճատև բացակայության իրավական երաշխիքի բնույթը, ինչպես նաև դրա կիրառման համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունը, նախատեսվում է, որ ծնողական ժամից օգտվելու իրավունք չի ունենա այն աշխատողը, որի աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում