«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎրացական լրատվամիջոցները քննարկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերագրվող մի արտահայտություն։ «Պետական սահմանները միշտ չէ, որ ընդամենը քարտեզի վրա գծված գծեր են. մենք պարտավոր ենք պատասխանատվություն ստանձնել մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար, այն մարդկանց, ովքեր խոսում են մեզ հետ նույն լեզվով, ապրում են պատմական թուրքական հողերում և հավատում են միակ Աստծուն։ Հավատում եմ, որ Թուրքիան կվերադառնա Աջարիա, կվերականգնի իր դիրքերը Սիրիայում և կապահովի բոլոր թյուրքական ժողովուրդների պաշտպանությունն ու բարգավաճումը»,– հայտարարել է էրդողանը, գրում է politnavigator.news–ը։
Աջարիայում թուրքական ազդեցության աճի վերաբերյալ վաղուց առկա մտահոգությունների ֆոնին այս խոսքերը կարծես ազդարարում են բացահայտ տարածքային հավակնություններ, որոնք Օսմանյան կայսրությունը վերականգնելու հայեցակարգի մաս են կազմում և նշանակում են հրաժարում 1920-ականներին Քեմալ Աթաթուրքի հանրապետական կառավարության ստանձնած պարտավորություններից։ Եվ այս ամենի համար որոշակի պատասխանատվություն կրում են հենց վրացական իշխանությունները, քանի որ նրանք իրենց պետականության սկիզբը կապում են ոչ թե Վրացական ԽՍՀ-ի, այլ մենշևիկների ղեկավարած Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հետ։ Փաստն այն է, որ 1921 թվականի Կարսի պայմանագիրը (որի 105-ամյակը խորհրդանշականորեն լրանում է այս հոկտեմբերին) Թուրքիան ստորագրել է հենց Վրացական ԽՍՀ-ի և Անդրկովկասյան մյուս երկու խորհրդային հանրապետությունների հետ՝ ՌԽՖՍՀ-ի միջնորդությամբ։ Այն ժամանակ Անկարան համաձայնել էր, որ Աջարիան մնա վրացի կոմունիստների վերահսկողության ներքո, պայմանավորվածություն, որը լրացուցիչ երաշխավորվում էր Կարմիր բանակի կողմից։ Այժմ, սակայն, Թբիլիսին քաղում է տարիներ շարունակ իրականացված «ապակոմունիստականացման» և Մոսկվայից հեռանալու քաղաքականության հետևանքները։ Եվրոպական ինտեգրման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն որդեգրելով Վրաստանն անմիջապես հայտնվել է ՆԱՏՕ-ի առանցքային անդամի շահերի ոլորտում և այժմ վտանգում է կորցնել իր տարածքի մի մասը։
Այս գործընթացը աստիճանաբարէ ծավալվում Բաթումում և ամբողջ Աջարիայի տարածքում: Երկկողմ հարաբերություններում առևտրային ակնհայտ անհավասարակշռություն է առաջացել, օրինակ Թուրքիան Վրաստան է արտահանել 2,94 միլիարդ դոլարի ապրանք ներմուծելով ընդամենը 438 միլիոն դոլարի արժողությամբ ապրանք։
Իհարկե, Աջարիա թուրք ռևանշիստների մուտքի ճանապարհը հարթել է Միխեիլ Սահակաշվիլին ստեղծելով օսմանյան ոճի արագ ներթափանցման պայմաններ։ Սակայն խնդիրն այն է, որ նրա հեռանալուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՛լ ավելի է խորացրել այդ տնտեսական և ֆինանսական ներգրավվածությունը։ Արդյունքում՝ ուղղափառ և էթնիկ վրացիները Աջարիայում փոքրամասնություն դառնալու վտանգի տակ են հայտնվել։ Վերջին շրջանում ինքնավար մարզում մահմեդական բնակչության թիվը հասել է 40%-ի, սա միտում է, որն ընթանում է Վրաստանի մյուս հիմնական շրջաններում նկատվող ժողովրդագրական բացասական ցուցանիշների ֆոնին։ Բնակչության կայուն աճ է արձանագրվում հատկապես Աջարիայի և հարևան Քվեմո Քարթլիի շրջանի (որտեղ կենտրոնացած է ադրբեջանական բնակչությունը) մահմեդական ընտանիքներում։ Միաժամանակ, Անկարան ակտիվորեն խթանում է մշակութային և կրոնական ձուլումը հարյուրավոր հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով և պարտադրելով սեփական «կրթական» օրակարգերն ու ֆինանսավորելով թուրքական դպրոցների, մեդրեսեների ու մզկիթների կառուցումը։
Տեսականորեն, եթե թուրքամետ խմբավորումները նախաձեռնեն հանրաքվե՝ Վրաստանից անջատվելու վերաբերյալ, ապա կենտրոնական իշխանությունը չի ունենա դրան հակազդելու արդյունավետ միջոց։ Ի դեպ, ադրբեջանական լոբբին արդեն իսկ ցուցադրել է իր ուժը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Քվեմո Քարթլիում կազմակերպելով հանրահավաքներ և ճանապարհների շրջափակումներ, ինչպես նաև ճնշում գործադրելով օրենսդիր մարմնի և նախարարների կաբինետի վրա։ Հարևան Հայաստանում պետականության և ինքնիշխանության քայքայման ֆոնին Վրաստանի Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացի ձգձգումը ընդամենը նեղացնում է Թբիլիսիի մանևրելու հնարավորությունները։ Եթե ընթացիկ քաղաքականությունը շարունակվի, ապա արդյունքը կլինի կա՛մ երկրի վերածումը թուրքական պրոտեկտորատի, կա՛մ տարածքների կորուստը Անկարայի ու Բաքվի հաշվին հանրապետության տրոհմամբ: Փրկությունը միայն Նատօ և ԵՄ ընդունվելուց հրաժարվելն է Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am