Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունների կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը և 2024 թվականի փետրվարի 1-ից ՄՔԴ լիիրավ անդամ դառնալը ներկայացվում էր որպես արտաքին անվտանգության, միջազգային իրավական պաշտպանության և Ադրբեջանի հնարավոր հանցագործությունների կանխարգելման քաղաքական-իրավական քայլ, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս որոշման շուրջ ձևավորված պաշտոնական հիմնավորումների, հանրային սպասումների և իրական քաղաքական արդյունքների միջև գոյություն ունի լուրջ խզում։

Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռևս 1999 թվականին, սակայն երկար ժամանակ չէր վավերացրել այն՝ սահմանադրական խոչընդոտների, արտաքին քաղաքական հաշվարկների և տարածաշրջանային անվտանգային հավասարակշռության պատճառով։ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց վավերացման գործընթաց սկսելու մասին՝ դա կապելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և հետագայում այդ հանցագործությունները միջազգային քրեական իրավունքի գործիքակազմով գնահատելու անհրաժեշտության հետ։ Պաշտոնական հիմնավորումների առանցքային տարրն այն էր, որ Հայաստանը ոչ միայն միանում է դատարանին ապագայի համար, այլ նաև ճանաչում է ՄՔԴ իրավազորությունը հետադարձ ուժով՝ 2021 թվականի մայիսի 10-ից, այսինքն՝ այն ժամանակահատվածից, երբ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, սահմանային բախումները, զոհերը, ռազմագերիների, խոշտանգումների, ապօրինի սպանությունների, քաղաքացիական բնակչության նկատմամբ ճնշումների և տարածքային օկուպացիայի հետ կապված դրվագները կարող էին դիտարկվել միջազգային քրեական իրավունքի տրամաբանության մեջ։

ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած տեղեկության համաձայն, կառավարության նախաձեռնությունը հենց այդ հետադարձ ճանաչման բաղադրիչն էր պարունակում՝ ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից ընդունելու նպատակով։ Սակայն հենց այստեղից էլ սկսվում է հիմնական հակասությունը։ Եթե Հայաստանի իշխանությունները հանրությանը ներկայացնում էին այս քայլը որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրավական հետապնդման, պատերազմական հանցագործությունների արձանագրման և Հայաստանի դեմ նոր ոտնձգությունները զսպելու մեխանիզմ, ապա Հայաստանի անդամակցությունից հետո հանրային դաշտում այդ սպասումները փաստացի չարդարացան կամ առնվազն չստացան այն տեսանելի ընթացքը, որը ներկայացվում էր վավերացման պահին։

ՄՔԴ-ն դասական իմաստով այն դատարանը չէ, որտեղ պետությունը «հայց» է ներկայացնում այնպես, ինչպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հռոմի կանոնադրության համակարգում պետությունը կարող է իրավիճակ փոխանցել դատախազին, կարող է տեղեկություն ներկայացնել, կարող է համագործակցել, սակայն կոնկրետ քրեական հետապնդումը, մեղադրանքի կառուցումը և ձերբակալման օրդերների պահանջը ՄՔԴ դատախազության լիազորությունների շրջանակում են։

Այս տարբերությունը շատ կարևոր է, որովհետև հայաստանյան քաղաքական խոսույթում հաճախ խառնվում են միջազգային դատարանների բնույթները. ՄՔԴ-ն քրեական դատարան է, որը պատասխանատվության է ենթարկում անհատներին՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության և ագրեսիայի հանցագործության համար, մինչդեռ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում պետություններն են վիճարկում միմյանց միջազգային պարտավորությունների խախտումները։ Հետևաբար, եթե իշխանությունը հանրությանը ներկայացրել էր պատկեր, թե անդամակցությունը գրեթե ինքնաշխատ կերպով բացելու է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ քրեական գործընթացների դուռը, ապա դա կա՛մ չափազանցված քաղաքական խոստում էր, կա՛մ թերի բացատրություն։

ՄՔԴ անդամակցությունը իրավական հնարավորություն է ստեղծում, բայց ինքնին գործ չի բացում, ինքնին օրդեր չի առաջացնում և ինքնին չի ապահովում ո՛չ տարածքների ապաօկուպացիա, ո՛չ սահմանային անվտանգության երաշխիք, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքական վարքի արմատական փոփոխություն։

Այդուհանդերձ, նույնիսկ եթե ընդունենք, որ ՄՔԴ մեխանիզմը դանդաղ, բարդ և բարձր ապացուցողական շեմ ունեցող համակարգ է, Հայաստանի իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը դրանից չի նվազում։ Եթե վավերացման ժամանակ հանրությանն ասվել է, որ այս քայլը անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար, ապա անդամակցությունից հետո պետք է լիներ հստակ, հրապարակային, հետևողական և փաստաթղթավորված պետական ռազմավարություն։Հիմա պետք է արդեն հանրությունը տեղյակ լիներ, թե ինչ նյութեր են հավաքվել, ինչ իրավական թիմեր են ներգրավվել, ինչ հաղորդումներ կամ իրավիճակային ներկայացումներ են փոխանցվել ՄՔԴ դատախազությանը, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական խոշոր զիջմանն են գնացել՝ համաձայնելով միջազգային դատարան նոր հայցեր չներկայացնելու և եղածներից էլ հրաժարվելու պահանջին։ Ստացվում է, որ հանրությանը վաճառվել է իրավական անվտանգության փաթեթ, բայց իրական քաղաքական գործընթացում այն ոչ միայն չի օգտագործվում, այլև դարձել է փոխանակման առարկա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ երկկողմ կարգավորման բանակցություններում։

ՄՔԴ-ին անդամակցությունը Հայաստանի համար ստեղծեց նաև մյուս՝ ավելի զգայուն հարթությունը, որը կապված է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Հիշեցնենք, որ 2023 թվականին ՄՔԴ-ն ձերբակալման օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ Ուկրաինայի հետ կապված գործի շրջանակում։ Արդյունքում Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը Մոսկվայում ընկալվեց ոչ թե որպես միայն ադրբեջանական ուղղությամբ իրավական գործիքակազմի ստեղծում, այլ նաև որպես Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ միջազգային քրեական դատարանի որոշումների կատարման պարտավորություն ունեցող երկրի կարգավիճակ ընդունելու քայլ։ Հայաստանի իշխանությունները փորձում էին մեղմել այդ լարվածությունը՝ պնդելով, որ վավերացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ պայմանավորված է Հայաստանի անվտանգային կարիքներով։ Քննարկվում էր նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրի հնարավորությունը, որը կարող էր փորձել կարգավորել բարձրաստիճան պաշտոնյաների անձեռնմխելիության կամ ՄՔԴ պարտավորությունների կիրառման հարցերը։ Սակայն նման համաձայնագրի իրավական արդյունավետությունը և Մոսկվայի վստահությունը դրա նկատմամբ ակնհայտորեն սահմանափակ էին, քանի որ Հռոմի կանոնադրության անդամ պետության հիմնական պարտավորությունները չեն վերանում միայն քաղաքական հայտարարությամբ։

Լավ, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ՄՔԴ-ին անդամակցությունը պետք է լիներ անվտանգության գոնե հավել յալ երաշխիք Ադրբեջանի դեմ, բայց գործնականում չի կանխում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական-քարոզչական օրակարգի շահարկումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացված մնալը և սահմանային սպառնալիքների պահպանումը, ապա այդ դեպքում արդյոք այդ քայլի միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը համարժեք և հաշվարկված գին էր։

Խնդիրը պետական շահի հաշվարկն է։ Եթե Հայաստանը կարողանում էր ՄՔԴ անդամակցությունը վերածել իրական իրավական ճնշման, միջազգային քրեական հետապնդման ռիսկի, Ադրբեջանի զինվորական և քաղաքական ղեկավարության համար անձնական պատասխանատվության վախի, ապա այդ քայլը կարող էր ունենալ զսպման որոշակի արժեք։ Բայց եթե գործընթացը մնում է հայտարարությունների մակարդակում, իսկ Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական օրակարգը, ապա ՄՔԴ անդամակցությունը սկսում է երևալ որպես հավելյալ գործիք՝ հավելյալ լարվածություն ստեղծելու համար, բայց չի տվել շոշափելի անվտանգության արդյունք։

Ուշագրավ է, որ իշխանամերձ շրջանակների կողմից այնպիսի թեզ է առաջ քաշվում, որ նույնիսկ եթե այսօր գործեր չեն բացվել կամ ձերբակալման օրդերներ չկան, Ադրբեջանի ղեկավարության համար ապագայում Հայաստանի տարածքում կատարվելիք հանցագործությունները կարող են ընկնել ՄՔԴ իրավազորության տակ, ինչը որոշակի զսպող դեր ունի։ Տեսականորեն սա ճիշտ է։ Միջազգային քրեական իրավունքի հիմնական նպատակներից մեկը հենց անպատժելիության նվազեցումն ու ապագա հանցագործությունների կանխարգելումն է։ Սակայն Հայաստանի դեպքում այդ փաստարկի իրական արժեքը կախված է Ադրբեջանի վարքի վրա դրա ազդեցությունից։

Եթե Ադրբեջանը շարունակում է պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, շարունակում է օգտագործել պատմաքաղաքական պահանջատիրության լեզուն, շարունակում է ճնշում գործադրել խաղաղության գործընթացում և չի ցուցաբերում վախի որևէ նշույլ ՄՔԴ հնարավորություններից, ապա կանխարգելիչ էֆեկտը առնվազն չափազանցված է։ Կանխարգելումն աշխատում է այն դեպքում, երբ հանցագործության հավանական կատարողը հավատում է, որ պատժի ռիսկն իրական է։ Եթե նա տեսնում է, որ անդամ պետությունն անգամ ակտիվորեն չի օգտագործում իր ունեցած գործիքակազմը, ապա զսպման արժեքը նվազում է։

Ադրբեջանի հետ իրավական պայքարի հարցում կարևոր է տարբերել քաղաքական խաղաղությունը իրավական արդարությունից։ Խաղաղության պայմանագիրը կարող է անհրաժեշտ լինել պատերազմը կանխելու, սահմանների բացման, հաղորդակցությունների կարգավորման և տարածաշրջանային կայունության համար։ Բայց իրավական պահանջներից հրաժարումը կարող է նշանակել պատմական և փաստական հիշողության ջնջում, ապացույցների արժեզրկում, զոհերի իրավունքների երկրորդականացում և ապագա խախտումների համար անպատժելիության նոր միջավայր։

ՌԴ Անվտանգության խորհրդի կամ ռուսական տարբեր շրջանակների կողմից հնչեցված պնդումը, թե Հռոմի կանոնադրության վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունը ամրագրված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ևս արժանի է առանձին դիտարկման։ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ իսկապես նշված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում կա Հռոմի կանոնադրության վավերացման և իրականացման միջոցով միջազգային արդարադատության խթանման նպատակին վերաբերող ձևակերպում՝ հաշվի առնելով իրավական և սահմանադրական շրջանակները։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը չուներ քաղաքական ընտրություն, կամ որ վավերացումը եղել է միայն ԵՄ պարտադրանք։ Այնուամենայնիվ, եթե ԵՄ ուղղությամբ ստանձնած պարտավորությունները կամ քաղաքական ակնկալիքներն իսկապես եղել են որոշման էական շարժառիթ, ապա իշխանությունը պարտավոր էր այդ մասին խոսել բաց և ուղիղ։ Հանրությանը պետք չէր ներկայացնել միայն «Ադրբեջանի հանցագործությունները կանխելու» մոտիվը, եթե որոշման մեջ կար նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ պայմանագրային օրակարգի, արժեքային դիրքավորման և արտաքին քաղաքական վերադասավորման բաղադրիչ։

Միևնույն ժամանակ, ՄՔԴ անդամակցության քննադատությունը չպետք է վերածվի միջազգային իրավական մեխանիզմների ամբողջական մերժման։ Հայաստանի նման փոքր և անվտանգային առումով խոցելի պետության համար միջազգային իրավական համակարգերը կենսական նշանակություն ունեն։ Միջազգային դատարանները, փաստահավաք մեխանիզմները, պայմանագրային մարմինները, իրավապաշտպան կառույցները Հայաստանի համար այն հարթակներն են, որտեղ ռազմական անհավասարակշռությունը որոշ չափով կարող է փոխհատուցվել փաստերով, փաստաթղթերով, իրավական ճնշմամբ և միջազգային հանրային կարծիքով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինի
Ամենադիտված