Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրանները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանի վարչախումբն անմտորեն քանդում է Մոսկվայի հետ երկարամյա կապերը դրանով իսկ վտանգելով Ռուսաստանից էներգակիրների արտոնյալ մատակարարման մասին համաձայնագրի իրականացումը։ Ընդ որում ԵԱՏՄ-ին անդամակցությունից զրկվելը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 14% անկման։ Այս ֆոնին էլ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են նյութեր «Հայաստանը լուծում է գտնում Թուրքիայում» վերնագրով, գրում է politnavigator.net–ը։
Դրա առիթը դարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն այլընտրանքային մատակարարներ է փնտրում Ռուսաստանի հետ համաձայնագիրը չեղարկվելու դեպքում։ Դիտարկվող տարբերակների թվում է նաև Թուրքիան։ «Ո՞վ ասաց, որ մենք պարզապես մեկ երկրից կախվածությունը կփոխարինենք մեկ ուրիշից կախվածությամբ։ Մենք պատրաստվում ենք բնական գազ գնել միաժամանակ բոլոր հնարավոր աղբյուրներից՝ Ադրբեջանից, Իրանից և Թուրքիայից։ Ես չեմ կարծում, թե ռուսական բնական գազը էժան է։ Ինչպես տեսնում եք, գազն օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- հայտարարել է Փաշինյանի համախոհը։
Դե ինչ, եթե նրանք ցանկանում են ընտրել այդ ուղին, թող այդպես էլ լինի։ Այստեղ ամենազարմանալին հենց Թուրքիայի ուղղությամբ շրջադարձ կատարելու որոշումն է հատկապես հաշվի առնելով նրանց միջև առկա դարավոր «սերն ու ջերմությունը»։ Բայց դա պատմության ողբերգական կողմն է։ Կոմիկական կողմն այլ տեղում է. Թուրքիան ինքն էլ է ռուսական գազ գնում «Կապույտ հոսք» (Blue Stream) և «Թուրքական հոսք» (TurkStream) խողովակաշարերով։ Հայ պաշտոնյաների կողմից սա իսկապես «փայլուն» առևտրային քայլ է, այսինքն հավելավճարով գնել այն, ինչին իրենք արդեն իսկ հասանելիություն ունեին։ Սա շուկայում ծաղիկ վաճառելու պես բան չէ...
Կա ևս մեկ «փոցխ», որի վրա կանգնել է Հայաստանի կառավարությունը անտեսելով այլոց փորձը։ Հետևելով Բրյուսելի հրահանգներին և պատժամիջոցներին Բուլղարիան նույնպես հրաժարվեց ռուսական գազի մատակարարումներից։ «Այլընտրանքներ» փնտրելիս բուլղարական կողմը 13-ամյա պայմանագիր կնքեց «Bulgargaz»-ի և թուրքական պետական «BOTAŞ» ընկերության միջև։ Բուլղարիան պարտավորվեց ավելի քան 500 000 դոլարի չափով ֆիքսված վճար կատարել թուրքական գազային ենթակառուցվածքներից օգտվելու համար անկախ նրանից, թե կօգտագործի արդյո՞ք ամրագրված հզորությունները, թե՞ ոչ։ Միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր կուտակելուց հետո կառավարությունը հայտարարեց գործարքի 15-ամսյա «սառեցման» մասին, սակայն հրաժարվեց բացահայտել դրա պայմանները։ Ինչպես նշել էր Բուլղարիայի ղեկավար Ռումեն Ռադևը, «թուրքական կողմը զիջումների գնաց հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման»... Մինչդեռ զիջումները կատարվել էին ոչ թե «BOTAŞ»-ի, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից, ով գործում էր սեփական քաղաքական շահերից ելնելով։ Իրականում իրավիճակը շատ ավելի բարդ էր։ Վերջերս պարզ է դարձել, որ Բուլղարիայի կառավարությունը թույլտվություն է տվել Թուրքիային մասնակցելու Սև ծովում գազի հետախուզման աշխատանքներին։ Թեև պայմանագիրը մնում է գաղտնի, բայց քաղաքական գնի հարցը բաց է։ Կառավարության որոշումը թույլ տալ թուրքական պետական նավթային ընկերությանը մասնակցել Սև ծովի բուլղարական հատվածում նավթի և գազի հետախուզմանը, քննադատության, «դավաճանության» ու «ազգային շահերը վաճառելու» մեղադրանքների տեղիք տվեց։
Բայց այս պատմությունը էլ ավելի հետաքրքիր է. «BOTAŞ»-ի հետ գործընկերությունը ենթադրում է «Ստրանջա-1» գազատարի ընդլայնում. 2027 թվականից սկսած այդ երթուղին թույլ կտա ռուսական գազին մուտք գործել Եվրոպա որպես թուրքական գազային խառնուրդի մաս։ Այդ միացման կետը «Տրանսբալկանյան» գազատարի մաս է կազմում և միմյանց է կապում բուլղարական ու թուրքական գազային ցանցերը։ Հաջորդ տարվանից սկսած Բուլղարիայի միջոցով ԵՄ գազ ներկրող ընկերությունները պարտավոր կլինեն ապացուցել, որ գազը ոչ ռուսական ծագում ունի։
Այսինքն ի վերջո ստացվում է այնպես, որ խոսք է գնում այն նույն ռուսական գազի մասին, որը Թուրքիան գնում և վերավաճառում է։ Անկարան իրեն դիրքավորում է որպես էներգետիկ հանգույց Հարավարևելյան Եվրոպայի համար։ Բուլղարիան կարող էր օգտվել այս իրավիճակից, եթե հանդես գար որպես հավասար գործընկեր ունենալով սեփական ռազմավարությունը, բայց փոխարենը հիմա այն մնում է ընդամենը օգտագործման տարածք, օտար շահերի համար հարմար հենակետ։
Որևէ կասկած չկա, որ Հայաստանը ևս կհայտնվի նմանատիպ իրավիճակում։ Երբ թուրքերի հետ համաձայնություն ձեռք բերվի, շահերի բախումից խուսափելն անհնար կլինի։ Պարզ ասած Հայաստանը շարժվում է Բուլղարիայի օրինակով ուղիղ ճանապարհով գնալով դեպի իր պատմական թշնամիների տիրապետության տակ ընկնելը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am