Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. Իշխան Սաղաթելյան
ԻՐԱՎՈՒՆՔԺամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով են եկել. Ինչ–որ վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու ինչ–որ անհասկանալի բանով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։
«Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։
Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ–ն ինչ–որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն»,–ասաց նա՝ հավելելով, որ գործը նոր է հարուցվել՝ վերջին մի քանի օրերին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան ժամը 8.30–ի սահմաններում խուզարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չի հայտնաբերվել։ Հիմա էլ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ չնշելով, թե ինչ վարույթի մասին է խոսքը։