Վաղը լրանալու է Մարտակերտի քաղաքապետի տնային կալանքի ժամկետը. ՔԿ-ն կհետևի՞ իշխանության հրահանգին․ Արսեն Բաբայան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանավորման երկու ամիսը վաղը՝ հուլիսի 25-ին է լրանում։
Միշա Գյուրջյանը կալանավորվել էր մայիսի 25-ին, իսկ արդեն հունիսի 27-ին դատարանը բավարարել էր Միշա Գյուրջյանի փաստաբան Արսեն Բաբայանի միջնորդությունը՝ կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին:
168.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց, որ հուլիսի 25-ին իր պաշտպանյալի կալանքի 2 ամիսը լրանալուց հետո նա կլինի ազատության մեջ։
«Քննչական կոմիտեն կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն չի ներկայացրել, հետևաբար՝ կալանքի 2-ամսյա ժամկետը լրանալուց հետո Միշա Գյուրջյանն ազատության մեջ կլինի»,- նշեց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք` ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Ի դեպ, նշենք, որ Ստեփանակերտի և Ասկերանի քաղաքապետը ևս գտնվում էին տնային կալանքի մեջ, նրանց ևս մեղադրում են պետությանը նյութական վնաս հասցնելու՝ Արցախից Հայաստան մեքենաներ բերելու համար։