Գյումրի քաղաքում բնակություն է հաստատել շուրջ 2800 բռնի տեղահանված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2023թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Շիրակի մարզի գյումրի քաղաքում բնակություն է հաստատել 2785 Արցախից բռնի տեղահանված: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Գյումրի համայնքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
«Նախկին բժշկական հաստատություններից մեկի շենքում այս պահին բնակվում է մոտ 40 տեղահանված անձ՝ 34 ընտանիք: Հիմնականում այն անձինք են, որոնք Արցախի Հանրապետությունում առավել խոցելի, սոցիալական ծանր պայմաններում ապրող, միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող կարգավիճակ ունեին»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ս.Առաքելյանը և հավելեց, որ նրանց համար պետական միջոցներով և համայնքապետարանի կողմից հոգացվում է կենցաղային պայմանների, ջեռուցման և սննդի խնդիրները:
Մեր զրուցակցի խոսքով՝ բռնի տեղահանված արցախցիներն արդեն Գյումրիում աշխատանք են գտել, նոր բիզնես են սկսել՝ իրենց կարիքները սեփական ուժերով լուծելու համար:
«Տղամարդիկ հիմնականում տաքսի ծառայությամբ են զբաղվում, իսկ կանայք տարածք են վերցրել և ժինգյալով հաց, փախլավա և արցախյան ավանդական խմորեղեն են պատրաստում և ներկայացնում վաճառքի: Ունենք նաև արցախցիներ, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում, խանութներում»,- նշել է Սոնա Առաքելյանը:
Նանիկ Աղասյան