Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի «գործով» նիստը հետաձգվել է` նրան դատարան չբերելու պատճառով։ Ոսկանյանին դատարան չբերելու պատճառները չեն հաղորդվել։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։
Նոյեմբերի 30-ին նախատեսված նիստի մասին հայտարարվել էր նախօրեին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նիստը պետք է կայանար Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։ Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու պատրաստության մեջ։
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է մարտական դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։
Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ բանտարկյալների դեմ։
Հաղորդվում է, որ նիստը հետաձգվել է դեկտեմբերի 4-ին։