Թուրքիա-Հայաստան հանդիպմանն Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ արգելվել է՝ հարուցելով տեղի ադրբեջանցիների զայրույթը
ՍՊՈՐՏԹուրքական Էսքիշեհիր քաղաքում վաղը Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Ազգային հավաքականը հանդիպելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։
Նշվում է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդպիսով «պատմական սկանդալային որոշում է կայացրել»։ Լուրը վրդովմունք է առաջացրել տեղի ադրբեջանցիների շրջանում։ Թուրքիայի ադրբեջանական ասոցիացիաների ֆեդերացիան և Էսքիշեհիրի ադրբեջանցիների ասոցիացիան հաստատել են այս տեղեկությունը և համատեղ հայտարարություն տարածել։
Նշվում է, որ իրենց տեղեկացվել է, որ Թուրքիա-Հայաստան հանդիպմանն արգելված է տանել դրոշներ, պարագաներ և պաստառներ՝ բացառությամբ Թուրքիայի Հանրապետության դրոշի։
«Մենք բոյկոտում ենք այդ որոշման դեմ, հայտարարում ենք, որ չենք գնալու մարզադաշտ։ Դատապարտում ենք նրանց, որոնք նման որոշում են կայացրել, որը հակասում է մեկ ազգերի եղբայրության ըմբռնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում՝ մարտին։ Չնայած անցկացրած լավ հանդիպմանը՝ Հայաստանի ընտրանին զիջել էր 1։2 հաշվով։
Էմմա Չոբանյան