Համագործակցության ուղիների քննարկում՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման ծրագրերի շրջանակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանին և «ՊրոՇկոլա» («ПроШкола») կազմակերպության ներկայացուցիչներին:
Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագրի» շրջանակում «ՊրոՇկոլա» պետական զարգացման կորպորացիայի մասնակցության վերաբերյալ հարցեր: Ռուսաստանյան կազմակերպությունը ներկայացրել է առաջարկներ կրթական հաստատությունների կառուցման և շահագործման ծրագրի գործնական իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ներգրավման վերաբերյալ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ՝ ընդգրկելով նաև ինտերիերի դիզայնը, տարածքի բարեկարգումը, գույքով ապահովումը: Հաշվի առնելով կառավարության ծրագրով նախատեսված շինարարական մեծածավալ աշխատանքները՝ կոմիտեի ղեկավարը ռուսաստանյան կազմակերպության փորձը համարել է հետաքրքիր և կիրառելի:
Կոմիտեի պատասխանատուները հյուրերին ծանոթացրել են Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին՝ ընդգծելով երկրաշարժադիմացկունության հարցերի կարևորությունը:
«ՊրոՇկոլա»-ի գլխավոր տնօրեն Ալիսա Դենիսովան ներկայացրել է դպրոցների և մանկապարտեզների կառուցման իրենց փորձը, նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման սկզբունքները և դրանք Հայաստանում կիրառելու պատրաստակամությունը: Նա տեղեկացրել է, որ կազմակերպության ջանքերով Ռուսաստանի Դաշնությունում կառուցվել և շահագործվում են 37 դպրոց, ևս 115 դպրոց կառուցման ընթացքում են։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ գործնական հիմքի վրա դնելով համագործակցությունը: