«Մեր երեխեքին «պա լյուբոմու» տալու եք». Անհայտ կորածների ծնողները մտան նախագահի նստավայր, որտեղ գտնվում է Փաշինյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ44-օրյա պետարեզմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակեցին Նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքով դիմում են թողել:
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետևաբար համոզված են, որ նրանք ողջ են:
Ծնողներից Կարինե Մանավազյանն ասաց. «Մեզ կառավարությունում ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեցին, արհամարհանքից ու վիրավորանքից բացի ոչ մի բան չտեսանք: Դիմումը երեսի զոռով գրեցինք, հիմա էլ սպասենք, տեսնենք, թե դիմումին երբ կպատասխանեն: Անձամբ ես եմ գրել, խնդրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի: Ուղղակի խոսենք, հարցեր ու պատասխաններ լինեն: Նույն պահանջով էլ եկել ենք այստեղ: Ուզում ենք՝ մեզ լսեն: Ուզում ենք ասել՝ մեր երեխեքին «պա լյուբոմու» տալու եք, մեկ է այդ հարցը լուծում է ստանալու, չենք թողնելու հանգիստ ապրեն»:
Նա հավելեց, որ ԱԱԾ փոխտնօրենն է նախորդ շաբաթ իրենց ընդունել եւ լուրջ դեմքով ասել, որ աշխատում են այդ ուղղությամբ. «Բա ո՞ւր է ձեր աշխատածի արդյունքը: Ոչ մի բան չեն արել ու չեն անում: Կարելի՞ է ծնողի վշտի հանդեպ նման արհամարհանք դրսեւորել: Թքած ունեն, ու չեն ասում, որ էսքան երեխեքը իրենց համար են գնացել ու իրենց պատճառով են կորել»:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին և նախագահին, սակայն արձագանք չկա և իրենց էլ երբեք նախագահը չի ընդունել:
Ակցիայի մասնակիցներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ տևական ժամանակ գտնվում է Փաշինյանը:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Նրանք նստացույց են հայտարարել: