Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին. բաժին տանելիս նրա գրպանից ընկել էր գաղտնի փականով դանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել էր 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին է ընկել գաղտնի փականով դանակ: Ժամը 00.45-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 33-ամյա երիտասարդը դիմել է բուժօգնության: Նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: