Իրանը հրաժարվել է զիջումների գնալ միջուկային համաձայնագրի վերականգնման բանակցություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանը մտադիր չէ զիջումների գնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով բանակցություններում։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին և հավելել, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ուժի դիրքերից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացի պաշտոնյաները գիտեն, որ Իրանը մտադիր չէ զիջումների գնալ և մասնակցել բանակցություններին ճնշման ու սպառնալիքների ներքո»,- ասել է պաշտոնյան։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին էլ չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական ուղիները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։
«Մենք ռազմական լուծում չենք ուզում, դա այն չէ, ինչ ուզում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայց եթե մնացած բոլոր տարբերակները ձախողվեն, ապա կդիմենք վերջին տարբերակին՝ ռազմականին։ Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է. մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ունենալ»,- երկուշաբթի ասել է նա La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։