Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում. Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ակնկալում է պարտավորություններ աշխարհի «առաջատար երկրներից», որ ուկրաինական պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: