Ֆրանսիայում ընտրություններից առաջ Մակրոնի առավելությունը Լը Պենի նկատմամբ նվազում է․ սոցհարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակցի՝ Մարին Լը Պենի միջև տարբերությունը կրճատվել է մինչև 6,5 տոկոս, համաձայն Ipsos-Sopra Steria-ի հարցման:
Հարցման համաձայն՝ առաջին փուլում Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 26,5%-ը, իսկ Լը Պենի օգտին՝ 20%-ը։ Մարտի կեսերին Մակրոնին աջակցությունը կազմում էր 31%, Լը Պենինը՝ 16%։
Երրորդ տեղում է Ժան Լյուկ Մելանշոնը։ Նա, ըստ հարցման, կհավաքեր ձայների 16 տոկոսը, եթե ընտրությունների առաջին փուլն անցկացվեր այս կիրակի։ Վերջին շաբաթների ընթացքում բարձրացել է նաև նրա նախընտրական վարկանիշը:
Մելանշոնին հաջորդում է Էրիկ Զեմուրը (11%), հինգերորդ տեղում Վալերի Պեկրեսն է՝ 9,5%։
Եթե Մակրոնն ու Լը Պենը մտնեն երկրորդ փուլ, ապա Ֆրանսիայի գործող նախագահը կհաղթի ձայների 54%-ով, ցույց են տալիս հարցման արդյունքները։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին։ Բարձրագույն պետական պաշտոնի համար հավակնում է 12 քաղաքական գործիչ։