ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի որոշմանը, եթե Կիևն ընդունի այն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կաջակցի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կկայացնի իր համար, ընտրությունը երկրի ժողովրդինն է։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության փոխղեկավար Վենդի Շերմանը` պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնը կաջակցի՞ Կիևի կողմից չեզոք կարգավիճակի ընդունմանը։
«Մենք կաջակցենք այն որոշումներին, որոնք Ուկրաինան կկայացնի իր համար: Այս ճգնաժամի հենց սկզբից մենք ասել ենք, որ մենք ոչինչ չենք անի Ուկրաինայի հետ առանց Ուկրաինայի, մենք ոչինչ չենք անի Եվրոպայի հետ առանց Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ առանց ՆԱՏՕ-ի: Այսպիսով, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է: Մենք աջակցում ենք նրանց ընդունած որոշումներին»,- ասել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիևը կարող է Մոսկվայի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, բայց անվտանգության երաշխիքների հստակ փաթեթով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։