ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ խինկալի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հավանաբար երկրի վրա ոչ մի ուտեստ չունի իր ծագման մասին այնքան լեգենդներ, որքան խինկալին: Ամենատարածված լեգենդներից մեկը ասում է հետևյալը. 18-րդ դարում Վրաստանի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ շատ վիրավոր զինվորներ են եղել, որոնք տարբեր պատճառներով չէին կարողացել կոշտ սնունդ ընդունել: Բացի դա, լեռներում գտնվող տանտիրուհիները գործնականում ոչ մի այլ բան չեն ունեցել բացի ոչխարի մսից, ալյուրից և ձվից, այնպես որ նրանք գտել են մի պարզ ուտեստ՝ խմորով լցոնված մսի պարկիկներ, որն օգնել է փրկել շատ կյանքեր: Այդպես է ծնվել ներսում անուշահոտ արգանակով լի նուրբ և փափուկ խինկալին: Խինկալիի մասին ամենահետաքրքիր պատմությունն էլ բացատրում է, թե ինչու այդ իդեալական պարկիկները պետք է ունենան ուղիղ 28 ծալք, ոչ ավել, ոչ պակաս: Ամեն ինչ 28 թվի սուրբ նշանակության մեջ է (Արեգակը 28 օրում է անցնում երկնոլորտի մեծ շրջանը): Հնում վրացիները օգտագործել են այլ ժամանակային համակարգ, որը տարբերվել է ժամանակակիցից. նրանք ունեցել են տարեկան 13 ամիս, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 28 օրից, ինչը ընդհանուր առմամբ կազմել է 364 օր: Այդ ժողովրդի տրամաբանությունը պարզ և լակոնիկ էր. խինկալի պոչը արևն է, իսկ 28 ծալքերը  արեգակնային ցիկլի օրերն են: Այդ ուտեստի ծագման մասին մեկ այլ վարկած էլ ունեն պատմաբանները:

Նրանք համոզված են, որ խինկալի նախատիպը ի սկզբանե ունեցել է  հին Պուշարի էթնիկական խումբը, որոնց շնորհիվ ուտեստը սկսել է տարածվել իրենց բնակավայրերից շատ հեռու: Պուշարները խինկալիին ավելացնելիս են եղել անանուխ, ինչը դրանց տվել է աներևակայելի բուրմունք և հատուկ յուրահատկություն: Վրաստանում ոմանք այն կարծիքին են, որ այդ սիրված ազգային ուտեստի հայրենիքը Պասանաուրի գյուղն է, որը գտնվում է Կազբեգի տանող ճանապարհին: Այնտեղ կարելի է տեսնել բոլորովին այլ տեսակի խինկալիի պարկիկներ՝  շատ ճարպոտ և փոքր, բայց շատ համեղ:

Այս վրացական ուտեստի մեջ ամենակարևորը միսն է: Պետք է նշել, որ խինկալին սովորական մեծ պելմենին չէ, այն անկախ խոհարարական միավոր է: Բանն այն է, որ խմորե պարկիկները լցոնվում են կտրտված մսով, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել աղացած միս, հակառակ դեպքում դա արդեն խինկալի չի լինի: Կտրտած միսը թույլ է տալիս պահպանել մսի ամբողջ հյութը, որը ուտեստի բաղկացուցիչ մասն է: Սովորաբար ընդունված է գառան միս օգտագործել, բայց հորթի մսով  խինկալիներ պատրաստելը ևս թույլատրվում է: Չնայած վերը նշված կանոնների խստությանը, այդ ուտեստը ունի իր տարատեսակները Վրաստանի տարբեր շրջաններում և քաղաքներում: 

Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, ձեզ կմատուցեն մսով և կանաչով պատրաստված խինկալի «Կալակուրի»: Հնարավոր է նաև, որ ճաշացուցակում լինեն  կարտոֆիլով, սնկով և աղացած մսով պարկիկներ: Դա նույնպես ընդունելի է: Սամեգրելոյում, Աջարիայում և Գուրիայում դժվար թե գտնեք նույն ուտեստը, քանի որ այնտեղ դրանք պատրաստել ընդունված չէ: Բայց Կախեթիում և Մցխեթա-Մթիանեթիում կարելի է անհամար տարատեսակների պարկիկներ պատվիրել և վայելել զարմանալի համը: Որպեսզի չշփոթվեք վրացական հարուստ խոհանոցի առաջարկած խինկալիների տեսակների մեջ, հիշեք ամենաառաջնայինը՝ խինկալի «Կալակուրի» - միս/աղացած միս և կանաչի, խինկալի «Մտիալուրի» - միս/ աղացած միս, բայց առանց կանաչու, խինկալի «Կախեթի» - միայն խոզի միս, միայն տավարի միս:

Վաղ տարիքից Վրաստանի բնակիչներին սովորեցնում են ուտել այդ ավանդական ուտեստը՝ ըստ կանոնների: Նույն կերպ, տեղի բնակիչները խինկալի ուտելու «ճշմարիտ ձևը» ցույց են տալիս երկրի հյուրերին: Հիշե՛ք ամենակարևորը. միակ բանը, որը ավելացվում է խինկալուն սև պղպեղն է, պետք չէ ոչ մի սոուս, առավել ևս հաց: Անպայման պետք է իմանալ, որ պետք չէ անմիջապես վրա ընկնել խինկալուն, քանի որ այն ներսից շատ տաք է լինում, պետք է  թողնել մի քանի րոպե սառչի, պղպեղ պետք է ցանել առատորեն,  խինկալին չեն ուտում պատառաքաղով, քանի որ բարակ խմորը պարզապես պատռվում է, պետք է վերցնել պարկիկը պոչից,  մի քիչ խմոր կծել և ներսի արգանակը խմել, անգամ կարելի է խինկալին ամբողջությամբ դնել բերանը, պոչը ուտել  ընդունված չէ, երբեք մի փորձեք արդեն սառը խինկալին (դրանք պարզապես համով չեն), ավելի լավ է դրանք տապակել, որը ոչ պակաս համեղ ուտեստ է: Հիշո՞ւմ եք, որ պոչերը չեն ուտում: Զվարճալի պատմություն է կապված դրա հետ: Մի անգամ, Վրաստան կատարած այցի ժամանակ, Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը համտեսել է իսկական խինկալի: Նրան, ինչպես ցանկացած այլ հյուրի, սովորեցրել են ճիշտ ուտել այդ ուտեստը և զգուշացրել, որ պոչերը դեն նետի: Խրուշչովը, որպես մեծ տնտեսվար չէր կարող ընդունել դա, քանի որ խինկալիները պատրաստվում են բարձրորակ ալյուրից: Նա նաև արագ հաշվել է, որ ամբողջ Վրաստանը տարեկան սպառում է 250 միլիոն խինկալի, ինչը նշանակում է, որ կորչում է ավելի քան մեկ տոննա թանկարժեք ալյուր: Դրանից հետո Վրաստանն այլևս առաջին կարգի ալյուր չի ստացել:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular