ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական բարձիթողի մոտեցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հրաժեշտ տված Դոնալդ Թրամփն այդ կարգավիճակում իր վերջին ուղերձում խոսել է նաև այն մասին, թե հպարտանում է, որ իր նախագահության շրջանում չի սկսել ոչ մի նոր պատերազմ: Թրամփը, անշուշտ, նկատի ունի Նահանգների սկսած որևէ պատերազմ՝ անկախ մասշտաբից: Իրականում Թրամփի ուղերձը թերևս պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, հաշվի առնելով այն մեծագույն դերը, որ աշխարհաքաղաքականության և համաշխարհային անվտանգության մեջ ունի ԱՄՆ-ն: Այդ իմաստով, Թրամփն իր նախագահության շրջանում ուղիղ չի սկսել որևէ պատերազմ, միևնույն ժամանակ, սակայն, թույլ է տվել պատերազմ Կովկասում: Թող չհնչի տարօրինակ, սակայն, թերևս, հենց թրամփյան քաղաքականության հետևանքով է առաջացել այն կարճաժամկետ, սակայն խիստ լայն վակուումը կովկասյան ռազմա-քաղաքական բալանսի առումով, որը թույլ է տվել Անկարային սկսել պատերազմ Արցախի դեմ:

Բացարձակապես պատահական չէ այն, որ պատերազմը սկսել է գործնականում Թրամփի նախագահության ավարտին, երբ մոտենում էր ընտրությունը, երբ առավելագույնս հասունացել էր նրա ռեգիոնալ քաղաքականության հետևանքով առաջացած վակուումը և, միաժամանակ, Թրամփը առավելագույնս զբաղված էր լինելու ներքին ընտրապայքարով: Կարող ենք փաստել, որ այդ իմաստով, Արցախի դեմ պատերազմը Թրամփի նախագահության պատերազմն է` հաշվի առնելով ԱՄՆ հեգեմոն դերը ժամանակակից աշխարհաքաղաքականությունում:

Այլ հարց է՝ Թրամփի վարչակազմի համար դա պարզապես սխալի՞ հետևանք էր, թե՞ միանգամայն գիտակցված հետքաշում և քարտ-բլանշ Թուրքիային: Համենայն դեպս, ակնառու է, որ բացի նախընտրական տրամաբանությունից բխող ուշադրությունից, որ Թրամփը դրսևորեց ընտրիչների քանակով ամենամեծ նահանգի՝ Կալիֆոռնիայի հայ ընտրողների ձայների համար, Սպիտակ տունը գործուն քիչ քայլեր ձեռնարկեց Թուրքիային զսպելու համար: Իհարկե, այստեղ այլ հարց է և այն, որ չկար դրա մեծ մոտիվացիան, որովհետև զսպել Թուրքիային, նշանակելու էր աջակցություն ոչ թե Արցախին, այլ Ռուսաստանին, որը, սակայն, ոչ միայն ԱՄՆ գործընկեր չէ, այլ Սառը պատերազմի տրամաբանությամբ է խոսում Արևմուտքի հետ: Այդուհանդերձ, Թրամփը նախընտրեց Կովկասում խաղալ Թուրքիայի միջոցով, ինչը բերեց Արցախի դեմ պատերազմի:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular