Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Պետականության կորստի ռիսկերը

Եթե փորձենք խորքային նայել տեղի ունեցող գործընթացներին՝ ապա պարզ է դառնում, որ այս պահին ռազմական դրությունը չեղարկելն այլևս մանկամտություն կլինի: Այն պետք է պահել և վերածել իսկական, առավել խիստ ռազմական դրության: Մենք այսօր պետականությունը կորցնելուց մեկ քայլ ենք ընդամենը հեռու: Պատերազմը տեղափոխվել է Հայաստանի տարածք և շարունակվում է առանց կրակոցների: Հայաստանի մասնատման գործընթացը է գնում հավաքական անվտանգության համակարգերի լիակատար անգործության պայմաններում: Ըստ էության՝ Հայաստանից կարող է մնալ ընդամենը այնքան տարածք, որի վրա հնարավոր կլինի պահել ընդամենը մի խոշոր ռազմաբազա, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի հետ: Հանրության կիսագրագետ և նիկոլապաշտ հատվածը պնդում է, թե ռուսական խաղաղապահների մուտքով փրկվեց հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, որն, իհարկե, կատարյալ դատարկամտություն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Այսօր փաստացի գոյություն չունի Արցախի Հանրապետության դրոշ, Արցախի Հանրապետության Սահմանադրություն, Արցախի պաշտպանության բանակ, Արցախի Հանրապետության քաղաքական իշխանություն: Փոխարենը կա 2.5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով երբեմնի հայկական տարածք, որտեղ թուրքը չի մտել, որովհետեւ ռուս խաղաղապահներն են այնտեղ՝ իրենց դրոշով: Այլ խոսքով՝ դա Ստեփանակերտ կենտրոնով ռուսական ռազմաբազա է՝ չորս կողմից շրջապատված Ադրբեջանով: Նիկոլ Փաշինյանն իր ունիկալ անտաղանդության շնորհիվ Արցախը աբխազացրեց՝ զրկելով անվտանգության միակ երաշխավորից՝ Պաշտպանության բանակից, և հայկական երկրորդ պետության վերջին ծվենները հանձնեց ռուսական զորքի պաշտպանությանը:

Գրեթե նույն պրոցեսն է ընթանում Հայաստանում: Թուրքիան ու Ադրբեջանը, սիրաշահելով Ռուսաստանին, շարունակում են Հայաստանը բաժանել իրենց միջև: Եթե մինչև 2018թ. իշխանափոխությունն այս միտքը կարող էր համարվել խելագարություն, ապա այսօր այն միանգամայն տրամաբանական է, որովհետև Հայաստանում կա մի իշխանություն, որը սպառնալիք է ռուսական շահերին և վարում է այդ միջուկային գերտերությանը բառիս բուն իմաստով վռնդել Հարավային Կովկասից: Իրականում մենք մոտ ենք այն կետին, որ Ռուսաստանը հանուն իր շահի, հանուն այն բանի, որ մի օր չկանգնի Հարավային Կովկասից դուրս շպրտվելու վտանգի առաջ, գործարքի գնա թուրք-ադրբեջանական տանդեմի հետ և այդ տանդեմի ողորմությանը հանձնի ողջ Հայաստանը՝ իրեն պահելով 2-3 հազար քառակուսի կիլոմետր մի տարածք՝ 102-րդ բազան առավել հարմարավետ տեղակայելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանին շահագրգռելու համար: Բայց գանք ռազմական դրության ռեժիմին:

Ձևական ռազմական դրությունը, որ սահմանվել է Փաշինյանի որոշումով, իրականում նպաստում է նրա ռեժիմի պահպանմանը: Փաշինյանը Հայաստանում իշխանության է բերվել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքը թուլացնելու և մեծ թուրանական ծրագրի կատարմանը նպաստելու համար: Փաշինյանին արդեն հաջողվեց դա անել Արցախում, բայց դեռ կա ՀՀ-ն, որ դիմադրում է այդ հրեշավոր ծրագրին: Եվ որպեսզի մենք մեր ձեռքով չարագացնենք պրոցեսը և մեր ռազմավարական դաշնակցին չդրդենք այն նույն քայլին, որին նա գնաց Արցախում, պետք է ամեն գնով կանգնեցնել Փաշինյանին: Այս մարդը չի լուծելու ոչ մի հարց, պետական հովանու ներքո չի վերցնելու պատերազմի զոհերի ընտանիքներին, չի հոգալու վիրավորների և հաշմանդամների կարիքները, չի հետաքրքրվելու անհետ կորածների եւ գերիների ճակատագրով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan