Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Մեծ եղբոր» իրավունքով

Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի դեմ պատերազմը դադարեցնելու համար: Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի առաջին օրերին, երբ Արցախի նախագահը պարբերական ճեպազրույցներ էր ունենում լրագրողների հետ, նրան հարց ուղղվեց հենց պատերազմը դադարեցնելու ՌԴ կոչերի և դրանից ակնկալիքների առնչությամբ՝ հիշեցնելով նաև ապրիլյան պատերազմը, երբ Մոսկվան հինգերորդ օրը դադարեցրեց այն: Ապրիլի պատերազմում մենք էինք ու Ադրբեջանը, և Ռուսաստանը արագ կանգնեցրեց այն, իսկ հիմա Թուրքիան է, ես չգիտեմ՝ կկարողանա՞ Ռուսաստանը կանգնեցնել Թուրքիային. այդպիսին էր Արայիկ Հարությունյանի արձագանքը:

Ըստ էության՝ Ռուսաստանի այդ կարողության թեման աշխույժ քննարկումների առարկա էր թե՛ պատերազմի օրերին, թե՛ նոյեմբերի 9-ից հետո: Քննարկումներն ավելի թեժացրեց ՌԴ նախագահ Պուտինը՝ հոկտեմբերի 19-20-ի վերաբերյալ իր հայտարարությամբ: Դրա էությունն այն էր, որ ինքը կանգնեցնում էր պատերազմը, բայց չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանը: Ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Հայաստանի իշխող քաղաքական ուժից եղան իրարամերժ արձագանքներ: Օրինակ՝ փոխվարչապետ Ավինյանը հայտարարել էր, որ թշնամին պատերազմը դադարեցնելու պատրաստակամություն հայտնել է միայն վերջին օրերին, մինչ այդ չի ունեցել այդ պատրաստակամությունը: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու այլ պատգամավորներ էլ փորձում էին հիմնավորել, թե ինչու հոկտեմբերի 19-20-ի նախաձեռնությանը չի համաձայնել Նիկոլ Փաշինյանը: Իրականում, ներկայումս շատ բարդ իրավիճակ է, և եթե ՌԴ նախագահն անգամ չափազանցում է հոկտեմբերի 19-20-ի մասին և ընդամենը լուծում հայ ժողովրդի առաջ «ձեռքերը լվանալու» խնդիր՝ ես արել եմ հնարավորը, բայց չի համաձայնել Փաշինյանը, ապա Հայաստանի իշխանությանն առավել ևս այժմ արդեն գործնականում անհնար է ասել, թե Պուտինը չափազանցում է՝ եթե անգամ դա այդպես է: Փաստացի Հայաստանի և Արցախի իշխանությունները այժմ կարող են անել միայն մի բան՝ շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել Պուտինին: Ընդ որում, ոչ միայն պատերազմը դադարեցնելու համար, այլև գործնականում արդեն նաև ընթացիկ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ներքաղաքական իրողությունների:

Իսկ հարցը՝ կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն ավելի վաղ դադարեցնել պատերազմը կամ ընդհանրապես այն թույլ չտալ, մնում է բաց: Եթե կարող էր, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդամենը Թուրքիայի հետ համաձայնեցված կիսել է Արցախը՝ Ադրբեջանն ամբողջությամբ և Արցախի մի մասը տալով Թուրքիային՝ փոխարենը ստանալով Արցախի մյուս մասի հանդեպ լեգիտիմ իրավունք հենց Բաքվի ստորագրությամբ: Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչ կարող էր անել Հայաստանը: Այդ հարցը կարևոր է, որովհետև ներկայիս ստատուս-քվոն ամենևին հավերժ չէ: Մյուս կողմից՝ հարց է ծագում, եթե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, ըստ այդմ՝ հայկական կողմի, հետևաբար նաև իր համար ավելի նվազ տարածքային կորստով, ինչո՞ւ չարեց դա: Որովհետև չէր կարող: Ռուսաստանը կարող էր որևէ բան իր համար կորզել այս պատերազմում միայն զիջելով: Ռուսաստանը ներկայումս չունի ավելի ուժ: Եվ սա ոչ թե վատ կամ լավ, չար կամ բարի կատեգորիաների, այլ իրական քաղաքականության հարց է: Ռուսաստանն իր ռեգիոնալ խաղի կարողությամբ՝ վաղուց զիջում է Թուրքիային՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Եվ այժմ մնում է երախտագիտություն հայտնել, որ Թուրքիային չի զիջվել ամբողջ Արցախը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan