Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ժամանակն է աշխարհին պատմել թե ո՞ւմ սխալի պատճառով է ծնվել Ադրբեջանը

Պատմական իրողությունները խեղաթյուրելը, ստի վրա երկիր կառուցելն ու քարոզչական հնարքներով սեփական ստերը մատուցելը մշտապես եղել է ադրբեջանական ձեռագիր: Հանցագործին որպես հերոս ընդունելը ևս ադրբեջանական քաղաքականության ու քարոզչության անբաժանելի մասն է, բայց  պարզվում է, որ այն շարունակվում է մինչ օրս, իսկ միջազգային կառույցները շարունակում են բերանները ջուր առած  լռել:
 
Երբ սուտը սեփական լսարանի պահանջմունքը բավարարելուց բացի հրամցվում է աշխարհին որպես իրականություն, դա նշանակում է, որ մենք էլ մեր հերթին բոլոր լեզուներով ու ողջ աշխարհին պետք է բացատրենք, թե քարտեզի վրա առհասարակ երբվանի՞ց է մարդկությանը հայտնի դարձել Ադրբեջան կոչվող պետությունը, դա ում հորինած երկիրն է և առհասարակ ի՞նչ բարոյական իրավունք ունի տարածքների ու տարածքային ամբողջականության մասին խոսելու: Անընդունելի է, երբ հորինված պատմություն ու կենսագրություն ունեցող երկիր կոչվող ինչ-որ աշխարհագրական տարածքի ղեկավարների համար հային, առավել ևս՝ հայ կնոջը գերեվարելը ու նրա մասնակցությամբ տեսաուղերձներ հրապարակելը դարձել է ձեռագիր, բայց զարմանալի է, երբ այդ ամենը միջազգային կառույցների կողմից այդպես էլ չի դառնում քննարկման առարկա: Առավել ևս, երբ քաղաքկիրթ կոչվող աշխարհը քաջ գիտի, թե քնած զինվորին կացնահարածին ինչպես են մեծարում Ադրբեջանում:
 
Սա խոսում է միջազգային կառույցների անտարբերության և նրանց կողմից վարվող երկակի ստանդարտներ կիրառելու մասին, բայց որ այսպես շարունակել այլևս չի կարելի՝ փաստ է: Միջազգային ո՞ր կառույցը կխախտի լռությունը և ե՞րբ կսկսի ամաչել իր անտարբերությունից՝ ցույց կտա ժամանակը, բայց որ այսպես շարունակել այլևս չի կարելի՝ միանշանակ է: Ժամանակն է մեր եվրոպացի գործընկերներին բացատրելու, թե իրականում որտե՞ղ էր Ադրբեջանը, երբ Արցախը վաղուց թե՛ կայացած էր ու թե՛ զարգացած: Գուցե այդ ժամանակ աշխարհը կհասկանա, որ դասական առումով ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ստախոս ու բանսարկու, արհեստականորեն ձևավորված մի երկրի, այլ ոչ թե լուրջ անցյալ ունեցող պետության հետ: Իսկ նրա հոխորտանքն ու ցանկությունը հերթական սուտն է, որը մատուցվում է տարբեր ձևաչափերով:
 
Արմինե Գրիգորյան
 
website by Sargssyan