Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Թուրքական գործոնը կակտիվանա՞

Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ դեր կարող է ստանձնել միայն հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում: Ըստ էության՝ հարց է առաջանում, թե այդ կերպ Պեսկովն ասում է, որ Թուրքիան կարո՞ղ է ստանալ որևէ կարգավիճակ, թե՞ ասում է, որ չի կարող, բայց քանի որ Ռուսաստանը չի կարող ուղիղ ասել, պատասխանատվությունը թողնում է Հայաստանի վրա: Պարզ է, որ Բաքուն ոչ միայն դեմ չի լինի Թուրքիայի որևէ ներգրավման, այլև որևէ մեկը նրան չի էլ հարցնի՝ Ալիևը կատարում է Էրդողանի հրահանգները, որի մասին օրերս ևս մեկ անգամ վկայեց Էրդողանի տեղակալը:

Թուրքիայի մասնակցության թեման քննարկելի՞ է Հայաստանի համար: Տրամաբանական է նաև այն հարցը, թե Թուրքիան կճանաչի՞ Արցախի անկախությունը՝ կարգավորման գործընթացում Հայաստանի համաձայնությունը ստանալու դիմաց՝ պարտավորվելով ապահովել զինուժի հետքաշում 1994 թվականի հրադադարի ելման դիրք: Իրականում այստեղ էական է Պեսկովի հարցադրումը: Կրեմլի խոսնակը չի ասում, թե Թուրքիան իր ագրեսիվ գործողություններով ինքն է հստակ ցույց տվել, որ չի կարող ստանալ որեւէ կարգավիճակ: ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետն օրեր առաջ հստակ հայտարարել էր Ադրբեջան ահաբեկիչներ ներբեռնելու մասին: Դրանք օդից չեն ընկել, դրանց տեղափոխել է Թուրքիան:

Ըստ այդմ, Ռուսաստանը չունի՞ սեփական կարծիք՝ Թուրքիան արժանի՞ է որևէ միջնորդական կարգավիճակի հավակնելու, թե ոչ: Եթե տեսականում դիտարկենք, որ կողմերը չունեն առարկություն, Մոսկվա՞ն էլ չունի: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք քննարկվում է ռեգիոնը վերաբաժանելու տարբերակը, և Պեսկովն ակնարկում է, թե դրան խանգարում են հայերը: Թե՞ հայկական բանակի դիմադրությունը Մոսկվային հնարավորություն է տվել շարունակել մնալ «անկողմնակալ միջնորդի» դերում, այդպիսով հետ մղելով Թուրքիայի համառ պահանջները, հատկապես Ադրբեջան զորք մտցնելու սպառնալիքից հետո:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan